Ցանկանում ենք համախմբված տեսնել պետական կառավարման համակարգում առկա լավագույն ներուժը. ՀՀ վարչապետի թեկնածու
ՀՀ վարչպետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ հատուկ նիստում իր ելույթում բոլորին շնորհավորեց Շուշիի ազատագրման 26-րդ տարեդարձի առթիվ՝ նշելով. «Մեծ խորհրդանիշ կա նրանում, որ Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության դե յուրե հաղթանակը պետք է արձանագրվի հենց այսօր՝ Շուշիի ազատագրման տարեդարձի օրը»։
Առաջիկա անելիքներից խոսելով, Փաշինյանն ասաց. «Ուզում եմ հստակ ընդգծել, որ մենք չենք պատրաստվում ոչ միայն կադրային ջարդ իրականացնել, այլև ընդհակառակը, ցանկանում ենք համախմբված տեսնել պետական կառավարման համակարգում առկա լավագույն ներուժը, մեկտեղել ջանքերը հայրենիքի շենացման և հզորացման գործում։ Մենք հույս ենք դնում պետական կառավարման համակարգում գործող բոլոր այն պրոֆեսիոնալների վրա, ովքեր իրենց դիրքին ու պաշտոնին հասել են տաղանդի ու աշխատասիրության շնորհիվ»։
Փաշինյանը համոզմունք հայտնեց, որ Հայաստանում կենտրոնացած է նաև լրջագույն տնտեսական ներուժ։
«Իմ վարչապետ ընտրվելու պարագայում երաշխավորում եմ բիզնեսի ազատագրումը կոռուպցիոն համակարգի առջև ունեցած պարտավորություններից՝ ակնկալելով, որ արդյունքում ազատված միջոցները կծվարեն ոչ թե օտարերկրյա բանկերում, այլ կդառնան ներդրումներ՝ ՀՀ տնտեսության մեջ»,- հավելեց նա։
Նրա խոսքով՝ Հայաստանում հեղափոխական տեմպերով պետք է զարգացնել նաև գյուղատնտեսությունը, նոր տեխնոլոգիաների կիրառումը պետք է լայնորեն տարածվի նաև այս ոլորտում։
«Մենք մտադրված ենք բանկերի ու վարկային կազմակերպությունների հետ ինտենսիվ բանակցություններ սկսել, ֆիզիկական անձանց՝ և հատկապես գյուղացիական վարկեր ունեցող անձանց պարտավորությունների մասնակի կամ ամբողջական ներում իրականացնելու համար»,- նշեց նա։
Ոլորտում ռազմավարական ճյուղերից Փաշինյանն առանձնացրեց. «Հայաստանում ոռոգման ջուրը նույնքան հասանելի պետք է լինի, ինչպես էլեկտրական հոսանքն է տարածված ու հասանելի»։
Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությանը, նա ասաց, որ այն դիտարկում են որպես Հայաստանի անվտանգության համակարգի կարևոր գործոն։
Թեկնածուն առանձնահատուկ նշեց՝ «հայոց բանակի ժամկետային զինծառայողների վրա հավելյալ հոգսեր բարդելու պրակտիկան շատ արագ վերացնելու» մասին։
«Իմ առաջին հանձնարարականներից մեկը պաշտպանության նախարարին լինելու է արագ և անհետաձգելի միջոցներ ձեռնարկել, որպեսզի բացառվի բանակում ծառայող որևէ զինվորի կարիքի բավարարումը նրա ծնողի վրա դնելը։ Պետությունը պարտավոր է բանակ զորակոչված զինվորին ապահովել անհրաժեշտ ամեն ինչով»,- հավելեց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը