Իրավապաշտպան կազմակերպությունները Թերեզա Մեյին կոչ են արել ճնշում գործադրել Էրդողանի վրա
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Լոնդոն կատարելիք այցից առաջ մարդու իրավունքների և մամուլի ազատության հարցերով զբաղվող կազմակերպությունները կոչով դիմել են Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերերզա Մեյին։ Նրանք մասնավորապես ուշադրություն են հրավիրել Թուրքիայում տիրող վախի մթնոլորտին և կոչ արել ճնշում գործադրել Էրդողանի վրա: Այս մասին գրում է «Էրմենիհաբեր»-ը:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակից տեղեկացրել էին, որ մայիսի 15-ին Թերեզա Մեյը կընդունի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Հանդիպման ընթացքում կքննարկվեն ահաբեկչության դեմ պայքարի, փախստականների հիմնախնդրի, տարածաշրջանային կայունության, առևտրի և այլ հարցեր։ Ակնկալվում է, որ Էրդողանն Անգլիա կմեկնի մայիսի 13-ին։
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության բրիտանական բաժնի տնօրեն Քեյթ Ալենը այս առթիվ հետևյալ հայտարարությունն է արել. «Այս այցը շատ լավ հնարավորություն է՝ ցույց տալու համար նախագահ Էրդողանին, որ Թուրքիայում մարդու իրավունքների և քաղաքացիական հասարակության զարգացումը Մեծ Բրիտանիայի համար առաջնային խնդիր է։ Արտակարգ դրության ռեժիմի քողի տակ թուրքական պետական մարմինները նպատակաուղղված ձևով մասնատում են քաղաքացիական հասարակությունը, բանտարկում իրավապաշտպաններին, փակում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները և երկրում խեղդող վախի մթնոլորտ ստեղծում»։
Իսկ գրողների միջազգային միության (PEN International) Մեծ Բրիտանիայի ներկայացուցչությունը պատրաստվում է մայիսի 15-ին Լոնդոնում ցույց կազմակերպել՝ «Ազատություն թուրքական մեդիայում» կարգախոսով։ Կազմակերպության թվիթերյան էջում տարածված հաղորդագրության համաձայն՝ երթի նպատակն է զորակցություն հայտնել ռիսկի ենթարկված այն գրողներին, որոնք ապրում են Թուրքիայում. երկիր, որը ազատազրկված լրագրողների թվով աշխարհում առաջինն է։
Մամուլի ազատության պաշտպան մեկ այլ կազմակերպություն՝ Society of Editors-ը, իր հերթին բաց նամակով դիմել է վարչապետ Թերեզա Մեյին։
Կազմակերպությունը նամակով դիմել է Մեյին և պահաջնել մտահոգություն հայտնել Էրդողանին Թուրքիայում մամուլի անազատության մասին վերջին զեկույցների կապակցությամբ։ Society of Editors-ի տնօրեն Յան Մուրայն այս առթիվ մասնավորապես նշել է.
«Թուրքիայում մամուլի ազատության խաթարումը և արտակարգ դրության ռեժիմի օգտագործումը լրագրողներին ազատազրկելու նպատակով ծայրահեղ մտահոգիչ է հատկապես այնպիսի մի ժամանակաշրջանում, երբ երկիրն ազատ մամուլի կարիք ունի»։
Հարակից հրապարակումներ`
- Եվրոպական խորհրդարանը քննադատում է Թուրքիայում մարդու իրավունքների վիճակն ու արտակարգ դրությունը
- Վաշինգտոնն անհանգստացած է Թուրքիայում լրագրողների ձերբակալություններից
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը