Մոլդովան, Ուկրաինան ու Վրաստանը ԵՄ-ին ինտեգրման հարթակ կստեղծեն
Մոլդովա-Ուկրաինա-Վրաստան միջխորհրդարանական համատեղ ասամբլեան կստեղծվի արդեն ընթացիկ տարվա հունիսին։ Այս մասին տեղեկացնում է Apsny.ge-ն։ Երեք երկրների ղեկավարները հիմնադիր հուշագիրը կստորագրեն Քիշնևում։
«Այս նախաձեռնությունը, որով մենք հանդես ենք եկել EURONEST-ում, իրականություն է դառնում ազգային մակարդակով։ Մենք կօրինականացնենք այս տարածաշրջանային նախաձեռնությունը, որն, ինչպես բոլորս ենք հասկանում, արտացոլում է մեր երեք երկրների գլխավոր խնդիրը՝ եվրաինտեգրումը»,- ասել է EURONEST խորհրդարանական ասամբլեայի համանախագահ Մարիան Լուպուն։
Վերջինս հայտարարել է, որ ասամբլեայի ստեղծման նպատակը Մոլդովայի, Ուկրաինայի և Վրաստանի՝ Եվրոպական միությանն ինտեգրումն է ԵՄ՝ դեպի արևելք ընդլայնման որոշումից անմիջապես հետո։ Եվրապատգամավորներն, իրենց հերթին, նշում են, որ ի տարբերություն Արևելյան գործընկերության այլ երկրների՝ Մոլդովան կարողացել է առաջ շարժվել մեծ քայլերով։