Հայաստանում բացառված է բռնության որևէ դեպք, որն ամբողջական քննության չարժանանա. Նիկոլ Փաշինյան
Գործադիրի այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ներքաղաքական վերջին իրադարձությունների ժամանակ, մասնավորապես, ապրիլին քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ տեղի ունեցած հարձակումներին:
«Ապրիլին ունեցել ենք դեպքեր, երբ ինչ-որ անձանց կողմից հարձակումներ են տեղի ունեցել և ավտոմեքենաներ ջարդվել: Ես ակնկալում եմ, որ շատ արագ այդ գործերը քննվեն, հարձակումների հեղինակներին պարզեք, ինչպես նաև պետք է լուծենք այդ տուժած քաղաքացիների խնդիրը: Պետք է հասկանալ, թե ով է այդ պատասխանատվությունը կրելու և համապատասխան ընթացակարգերով բացահայտել բոլոր գործերը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա նաև հիշեցրեց, որ ուսանողների վրա հարձակում էր տեղի ունեցել Հերացի փողոցում և հարձակման տեսարանը տարածվել է համացանցում, սակայն, ըստ նրա, պարզվում է, որ այդ գործը կարճվել է:
«Պետք է այս գործելակերպին ընդհանրապես վերջ տալ, արտոնյալ մարդկանց հանդիպելով՝ գնում ենք գործերի կարճման: Մենք խոսում ենք օրինականության հաստատման մասին, մարդիկ պետք է հստակ տեսնեն, որ մենք գնում ենք գործերը բացահայտելու ճանապարհով: Այսօր, ցավոք սրտի, այդպիսի հստակ ուղերձները չկան, և հույս ունեմ, որ կտեսնենք: Պետք է ստուգվի կարճման որոշման օրինականությունը, քանի որ այն, ինչ մամուլում գրվում է և համապատասխանում է իրականությանը, ապա ակնհայտ է, որ այդ գործերը կարճելը օրենքի հետ կապ չունի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն էլ ավելացրեց, որ համաձայն մամուլի տեղեկությունների, մի քանի օր առաջ անհատ քաղաքացիների կողմից «Երևան սիթի» խանութի մոտ հարձակում է եղել մի խումբ ակտիվիստների վրա, որոնք պահանջում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը: «Ոստիկանապետի ուշադրությունը պետք է նաև այս փաստի վրա հրավիրել»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հայաստանում բացառված է բռնության որևէ դեպք, որն ամբողջական քննության չարժանանա: «Ինձ չի հետաքրքրում՝ ով է բռնության հեղինակը, և ով է զոհը, քաղաքական որ թիմից է, որ ճամբարից և որ կուսակցությունից: Մենք պետք է ունենանք բռնությունից զերծ հանրություն: Պարոն Օսիպյան, ակնկալում եմ կոնկրետ և շատ արագ գործողություններ»,- ասաց վարչապետը:
Վալերիյ Օսիպյանը տեղեկացրեց, որ ապրիլի 13-ից մինչև մայիսի 16-ն ընկած ժամանակահատվածում հավաքների ժամանակ Ոստիկանության ծառայողների կողմից կատարված ենթադրյալ հանցագործություններով ստացվել է 32 հաղորդում: Բոլոր հաղորդումները գրանցվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգով, ստուգվել կամ գտնվել են ստուգման փուլում:
«Հաղորդումները պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի՝ հաղորդումներ ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի, որոնք 30-ն են, ինչպես նաև հաղորդումներ ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացիների տրանսպորտային միջոցները վնասելու դեպքեր, դրանք 2-ն են»,- ասաց ոստիկանապետը:
Վալերիյ Օսիպյանը հայտնեց, որ այս բոլոր հաղորդումները գտնվում են ընթացքի մեջ: «Այսօր հանրությանը հետաքրքրում է այդ անձանց հայտնաբերման ու քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը, տեղեկացնում եմ, որ մինչև օրս իրականացվել են անձանց ինքնությունը պարզելու, նրանց վերաբերյալ տեղեկություններ ձեռք բերելու օպերատիվ հետախուզական միջոցառումներ, և առաջին արդյունքներն այսօր, մեծ հավանականությամբ, ոստիկանության կողմից կհրապարակվեն»,- հայտարարեց նա: