ՀՀԿ-ի կողմից որևէ սաբոտաժ նոր իշխանությունների դեմ չկա.Շարմազանով
«ՀՀԿ-ի կողմից որևէ սաբոտաժ նոր իշխանությունների դեմ չկա»,- այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Նրա խոսքում, որևէ մեկը չի կարող ասել, որ ՀՀԿ-ն որևէ հարցում սաբոտաժի է ենթարկում նոր իշխանությունների գործողությունները։
«Մենք նախկինում շատ ենք մեղադրել մեր նախկին ընդդիմադիր գործընկերներին, որ նրանք իրենց կուսակցության շահը գերադասել են պետության շահերից։ Մեզ համար ՀՀ կայունությունը, ներքին անվտանգությունը, արտաքին մարտահրավերներին դիմագրավելն ամենակարևորն է։ Մենք երբեք չենք արել և չենք անելու քայլեր, որոնք կվտանգեն մեր ժողովրդի կայուն զարգացման հնարավորությունը»,- ասաց ՀՀԿ խոսնակը։
Նիկոլ Փաշինյանի կառավարությանն էլ Էդուարդ Շարմազանովը հաջողություն մաղթեց. «Սրանք վերամբարձ խոսքեր չեն, քանի որ ցանկացած կառավարության հաջողություն մեր հասարակության հաջողությունն է։ Աստված տա, որ այն ամենը, ինչ ասել են՝ սկսած թռիչքային զարգացումից, Արցախի հարցից և այլն, իրականություն դառնան։ Շատ բաներ կան, որ ՀՀԿ-ն չէր անում, բայց Փաշինյանի կառավարությունը կանի, բայց նաև կան շատ ավելի բաներ, որոնք մենք էինք անում և նա դրանք կշարունակի»։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ