Եթե բոլոր հարցերը միանգամից փորձենք լուծել, բոլոր հարցերի լուծումը միանգամից կձախողենք. Փաշինյան
«Միանգամից բոլորի հրաժարականները պահանջելն այնքան էլ ճիշտ մոտեցում չէ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, Գլխավոր դատախազի հրաժարականի պահանջին:
Նրա խոսքով՝ բոլոր հարցերին պետք է մոտենալ փուլ առ փուլ և հասկանալ՝ ում հրաժարականն ինչի համար են պահանջում:
Նիկոլ Փաշինյանը միաժամանակ նշեց, որ իր համար սպասելի էր՝ մարդիկ թե կառավարության շենքի մոտ, թե այլ վայրերում պետք է իրենց դժգոհությունները բարձրացնեն, ինչ-որ մարդկանց հրաժարականներ պահանջեն:
«Բոլոր կառավարության նիստերի ժամանակ եղել են այդ դեպքերը: Մյուս ակցիաներն էլ ժամանակ առ ժամանակ եղել են, բայց մենք նաև գիտենք, որ ճնշումների մեխանիզմների գործադրմամբ շատ տեղերում զսպվել են և փակվել են այդ ակցիաները: Հիմա, բնականաբար, այդ ճնշումների մեխանիզմը չկա և մարդիկ ազատ արտահայտվելու իրենց հնարավորությունից օգտվում են, ինչը նորմալ է, բայց միևնույն ժամանակ պետք է հասկանանք, որ բոլոր հարցերը լուծելու տրամաբանություն չի կարող գործել»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ եթե բոլոր հարցերը միանգամից փորձեն լուծել, ապա բոլոր հարցերի լուծումը միանգամից կձախողեն: Դրա համար, ըստ նրա, պետք է հանգիստ զբաղվեն դրանց լուծմամբ:
Լրագրողները նաև վարչապետին հարց ուղղեցին ՊՊԾ գնդի գրավման` «Սասնա ծռերի» գործով ամբաստանյալների հարազատների և աջակիցների կողմից Արշակունյաց պողոտայի մի հատվածը փակ պահելու վերաբերյալ, ինչին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը նշեց. «Հստակ իմ դիրքորոշումներն արտահայտել եմ հանրային համերաշխությունը վերականգնելու անհրաժեշտության մասին, և, գիտեք, ցանկացած ակցիա, որ արվում է, ամենավատն այն է, երբ ձևակերպված չէ՝ ում դեմ է արվում այդ ակցիան, որովհետև կան պրոցեսներ: Նորից եմ ասում՝ եթե որևէ մեկն ակնկալում է, որ ես պետք է մտնեմ և քրեակատարողական հիմնարկի դռները բացեմ, դա ճիշտ մոտեցում չէ: Կան ընթացակարգեր, կան մարմիններ, կան իրավիճակներ»:
Վարչապետն անդրադարձավ նաև Մյասնիկյանի արձանի հարևանությամբ գտնվող այգուն, մասնավորապես, ծառահատումներին՝ նշելով, որ այգու վերականգման նախագծին ծանոթ չէ, բայց որքան հասցրել է հետևել մամուլից՝ այդ այգում բոլոր ծառերի փոխարեն տնկվելու են նոր ծառեր. «Համենայնդեպս, մենք կհետևենք, որ այդպես լինի, և չեմ կարծում, որ կարող է այլ կերպ լինել»:
Հարակից հրապարակումներ`
- Իմ գնահատականը տվել եմ՝ Տարոն Մարգարյանն ընտրվել է ընտրակաշառքների միջոցով. Վարչապետ
- Այնուամենայնիվ՝ որտե՞ղ է Երևան -2800 այգում թաղված շան գլուխը
- Տարոն Մարգարյանը շնորհակալություն հայտնեց իրեն աջակցող քաղաքացիներին
- «Վարդանյան ընտանիքի նվերը` 2800-ամյա Երևանին»
- Ակցիայի մասնակիցները պատռեցին այգու տարածքն առանձնացնող պաստառները
- Երևանի 2800-ամյակն առանց ծառերի
- ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալների հարազատները փակել են Արշակունյաց պողոտան