Կառավարությունը կրակմարիչներ գնելու որևէ պարտադրանք չի դրել. պարզաբանում է վարչապետը
Կառավարությունը անհատ կրպակատերերի կամ կրպակներ վարձակալած քաղաքացիների առջև կրակմարիչներ գնելու որևէ պարտավորություն չի դնում: Այս մասին գործադիրի այսօրվա նիստի վերջում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ եթե որևէ մեկը կառավարության անունից կառաջարկի գնել կրակմարիչներ, ապա պետք է զանգահարել թեժ գծին և ԱԱԾ-ն կզբաղվի այդ հարցով:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ առևտրային մոլերի աշխատողների շրջանում լուրեր են տարածվել, թե կառավարությունը և ԱԻՆ-ը որոշել են՝ կրպակատերերը պետք է, այսպես ասած, կրակմարիչներ գնեն և ձեռք բերեն:
«Ես ուզում եմ ասել, որ, իհարկե, դժվար է հասկանալ, թե այսպիսի լուրերն ինչ ծագումնաբանություն ունեն, բայց ուզում եմ ևս մեկ անգամ հավաստիացնել, որ առևտրային կենտրոններում հակահրդեհային անվտանգության մակարդակը պետք է բարձրացվի, բայց դա որևէ կապ չունի անհատ ձեռներեցների վրա որևէ լրացուցիչ բեռ դնելու հետ: Մենք որևէ կրակմարիչ դնելու պարտադրանք չենք դնում: Մենք այստեղ էլ պետք է առաջնորդվենք համագործակցելու, ոչ թե տուգանելու կամ պատժելու սկզբունքով»,-հայտարարեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը նաև հիշեցրեց երկու ամիս առաջ Ռուսաստանում, մասնավորապես, Կեմերովոյի առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական դեպքը՝ նշելով, որ պետք է ամեն ինչ անել, որ Հայաստանում բացառեն նման հնարավորությունը:
Հարակից հրապարակումներ`
- ԱԻՆ. Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունում աշխատանքից ազատվել է 40 տեսուչ
- «Պալաս» առևտրի համալիրում ներքին հրդեհաշիջման ծորակները չեն գործում. ԱԻՆ
- Կեմերովոյից դասեր քաղել է պետք. Հայաստանյան դպրոցների գերակշիռ մասում հրդեհային անվտանգության խնդիրներ կան