Քննություն է տարվում՝ պարզելու լրագրողի գործունեությանը խոչընդոտած անձանց ինքնությունը
Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ապրիլի 19-ին ՀՀ կառավարության 3-րդ վարչական շենքի դիմաց լրագրող Տիրայր Մուրադյանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտած անձանց ինքնությունը, դեպքի բոլոր հանգամանքները։ Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից:
Ըստ քրեական գործի տվյալների՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության լրագրող Տիրայր Մուրադյանն ապրիլի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, որպես լրագրող իր աշխատանքն է կատարել Երևան քաղաքի Արամի փողոցում տեղակայված ՀՀ կառավարության 3-րդ վարչական շենքի դիմաց։ Լուսանկարներ կատարելիս քաղաքացիական հագուստով երկու անձ հարձակվել են լրագրողի վրա և բռնություն գործադրել։ Լրագրողը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն և ստացել անհրաժեշտ բուժօգնություն։
Դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, լրագրող Տ.Մուրադյանը ճանաչվել է տուժող և հարցաքննվել։ Նրա նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Հարցաքննության ժամանակ տուժողը ներկայացրել է քաղաքացիական հագուստով երկու անձի լուսանկար, ովքեր բռնություն են գործադրել իր նկատմամբ։ Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը միջոցներ ձեռնարկել՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։
Քրեական գործի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով ՀՀ ՔԿ ՀԿԳ գլխավոր վարչությունում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ միջոցառումներ` ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ. այդ նպատակով հրապարակում ենք տուժողի կողմից ներկայացված լուսանկարները:
Քննչական կոմիտեի պաշտոնական էջում հրապարակվել են լուսանկարներ.
«Խնդրում ենք լուսանկարներում պատկերված անձանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրանց, որևէ տեղեկություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությանը։
Նախաքննությունը շարունակվում է»:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե
Հարակից հրապարակումներ`
- Դատախազությունը՝ լրագրողների նկատմամբ առերևույթ հանցագործունթյունների դեպքերով գործերի քրեադատավարական շարժընթացի մասին
- Լրագրող Տիրայր Մուրադյանը ճանաչվել է տուժող
- Ոստիկանություն. Տիրայր Մուրադյանին մի քանի մետր այն կողմ իջեցրել են մեքենայից
- Լրագրող Տիրայր Մուրադյանը տեղափոխվել է հիվանդանոց