Ներկայացվել է Խուլիո Կորտասարի «Ցատկախաղ» վեպի հայերեն թարգմանությունը
Հայաստանում Արգենտինայի դեսպանատան մշակութային կենտրոնում այսօր տեղի է ունեցել արգենտինացի նշանավոր գրող Խուլիո Կորտասարի «Ցատկախաղ» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը: Միջոցառման աջակիցն էր Կոնվերս Բանկը:
Բանկից հայտնում են, որ «Ցատկախաղը» փորձարարական վեպ է, որն իր խաղերով, գիտափորձերով ու լեզվով իրական հեղափոխություն կատարեց գրական աշխարհում` ուրվագծելով ժամանակակից վեպի նոր սահմանները: Այն հայերեն է թարգմանվել Արգենտինայի Արտաքին գործերի և պաշտամունքի նախարարության «Programa Sur» ծրագրի շրջանակներում՝ արգենտինական գրականության հանրայնացման նպատակով:
«Կորտասարի «Ցատկախաղ» գրքի հայերեն թագմանությունը հայ ընթերցողին հնարավորություն կտա նոր դիտանկյունից ծանոթանալ արգենտինական մշակույթի և մտածողության առանձնահատկություններին, հասկանալ դրանց խորությունը և սիրել արգենտինական մշակույթը»,- իր խոսքում ասել է Հայաստանում Արգենտինայի Արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան:
«Ցատկախաղը դուրս է դասական վեպի մասին եղած պատկերացումներից:
Հեղինակը ընթերցողին դրդում է հարցադրումների ու ներքաշում գաղափարների քննարկման մեջ, կոտրում է կարծրատիպեր, վերանայում է սերն ու սիրային հարաբերությունները նկարագրող լեզուն»,- ասել է գրքի թարգմանիչ Ալիս Տեր-Ղևոնդյանը:
«Կորտասարն այն գրողն է, որի ստեղծագործությունների խորությունը, լեզուն և դեպքերի սրընթաց զարգացումը միշտ զարմացնում են ընթերցողին՝ թույլ չտալով «կտրվել գրքից»: Կոնվերս Բանկը պարբերաբար հանդես է եկել որպես Արգենտինայի դեսպանատան նախաձեռնությունների աջակից: Մենք ուրախ ենք, որ կարողացանք մեր համեստ լուման ներդնել նաև այս գեղեցիկ նախաձեռնության իրականացման մեջ»,- ասել է Կոնվերս Բանկի Գլխավոր Գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը:
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ-ում Արգենտինայի դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան, գրականության, արվեստի և բիզնես ներկայացուցիչներ:
Շնորհանդեսի ընթացում խոսքով հանդես են եկել նաև հյուրեր՝ կարևորելով նման բարձրարժեք գործերը հայերեն թարգմանությամբ հայ ընթերցասերներին ներկայացնելու անհրաժեշտությունը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը