Իսրայելը Հայաստանի մասին հիշում է միայն Թուրքիային պատժելու ժամանակ. Սուրեն Սարգսյան
Թուրք-իսրայելական՝ պարբերաբար լարվածության նշաններ ցույց տվող հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով։ Նախ, Թուրքիան պետք է փորձի արաբական աշխարհի հետ առավել կայուն և խորը հարաբերություններ հաստատել։ Իսկ սա նշանակում է, որ նա չի կարող արաբական աշխարհի կողմից չընկալվող Իսրայելի հետ ունենալ այնպիսի գործակցություն, ինչպիսին կցանկանար ունենալ։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Միջազգային իրավունքի և միջազգային հարաբերությունների մասնագետ Սուրեն Սարգսյանը։
«Բնական է, որ թուրք-իսրայելական լարումների պարագայում Իսրայելը, որպես պատժիչ գործողություն, ժամանակ առ ժամանակ բարձրացնում է Քնեսեթի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը։ Սա պարբերաբար դառնում է քաղաքական շահարկումների թեմա։ Իհարկե, սա շատ տհաճ երևույթ է, որովհետև Հայոց ցեղասպանությունն ըստ էության անընդհատ կասկածի տակ է դրվում։
Իսկ այդ փաստը կասկածի տակ դնելը առնվազն բարոյական չէ, մանավանդ որ հրեա ժողովուրդը նույնպես ցեղասպանություն տեսած ժողովուրդ է։ Մինչդեռ Իսրայելը Հայաստանի մասին հիշում է միայն այն ժամանակ, երբ ցանկանում է ինչ-որ կերպ պատժել Թուրքիային։ Մենք Իսրայելի հետ պետք է աշխատենք ոչ թե Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի շուրջ (որովհետև դա չափազանց բարդ խնդիր է), այլ շեշտը դնենք առևտրատնտեսական և քաղաքական հարաբերությունների և շփումների վրա»,- համոզմունք հայտնեց մեր զրուցակիցը՝ նկատելով, որ Իսրայելը երբեք իր օրակարգից չի հանի Ցեղասպանության ճանաչման հարցը։
Միջազգային հարաբերությունների մասնագետը հիշեցրեց, որ հայկական կողմը պարբերաբար անդրադարձել է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության շահարկման թեմային և տեղին չէ ամեն անգամ արձագանքել նման շահարկումներին։
«Թուրք-իսրայելական հարաբերությունները պարբերաբար վայրիվերումների միջով են անցնում, և սա էլ հերթական վայրիվերումներից մեկն է, որը ավարտվելու է հարաբերությունների ջերմացմամբ»,- ասաց նա։
Անդրադառնալով ամերիկա-իսրայելական հրաբերություններին՝ Սուրեն Սարգսյանը նկատեց, որ ԱՄՆ-ը Իսրայելի և Իսրայելն ԱՄՆ-ի համար կարևորագույն նշանակություն ունեն, այդ երկրները ռազմավարական դաշնակիցներ են և տարածաշրջանում ունեն նույն աշխարհաքաղաքական շահերը։ Հետևաբար տրամաբանական է, որ երկու երկրները պետք է համագործակցեն բոլոր, այդ թվում՝ ռազմական ոլորտում։
«Հայտնի է, որ Միացյալ նահանգներից ամենամեծ ռազմական և տնտեսական օգնություն ստացող երկիրն Իսրայելն է։ Սերտ հարաբերություններ առկա են ոչ միայն քաղաքական ասպարեզում, այլ նաև Վաշինգտոնում բավական ազդեցիկ հրեական համայնք և լոբբի կա։ ԱՄՆ-ը նախագահ Թրամփը բավական լուրջ կերպով աջակցում է իսրայելական նախաձեռնություններին»- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Կարծիք. Ի՞նչ հանգուցալուծում կունենա Հայոց ցեղասպանության ճանաչման հերթական գործընթացն Իսրայելում
- Թուրք-իսրայելական գզվռտոցն ու Հայոց Ցեղասպանության ճանաչումը
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին