Արդեն կրկնապատկվել է պատժից պայմանական վաղակետ ազատվածների թիվը. Քրմոյան
ԱԺ-ն այսօր քննարկում է ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։
Հիմնական զեկուցող արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը նշեց, որ նախագծերի փաթեթով առաջարկվում է, որպեսզի պատժից պայմանական վաղաժամ ազատման ժամկետը լրանալու դեպքում մասնագիտացված կառույցները՝ քրեակատարողական ծառայությունը և պրոբացիայի ծառայությունը, երկու իրարից անկախ զեկույց ներկայացնեն։
Քրմոյանը հիշեցրեց, որ նախկին կարգավորումներով առանց դատապարտյալի համաձայնության գործընթաց էին սկսում պատժից պայմանական վաղակետ ազատման համար, ինչը նշանակում է, որ այդ պրոցեսում դատապարտյալի կամարտահայտությունը բացակայում է. «Դա հիմք է տալիս, որ դատապարտյալը դատական նիստերին չի ներկայանում, իսկ պատժից ազատվելուց հետո խնդիր է առաջանում նրա վրա դրված պարտականությունները կատարելու հետ կապված։ Պայմանական վաղակետ ազատ արձակման անկախ հանձնաժողովների կազմավորման կարգն ու լիազորությունները սահմանում էր ՀՀ նախագահը, հիմա դա փոխանցվել է գործադիր իշխանությանը»։
Նրա խոսքով՝ այժմ պայմանական վաղաժամկետ ազատման գործընթացը փորձել ենք մի փոքր մեխանիկական դարձնել։
«Այսինքն եթե երկու եզրակացությունը դրական է, ավտոմատ ՔԿՀ պետը որոշում է կայացնում գործը ներկայացնել դատարան: Եթե մի զեկույցը բացասական է, այդ դեպքում դատապարտյալն է որոշում՝ գործը գնա դատարան, թե՝ ոչ: Եթե երկուսը բացասական է, ապա պատժից պայմանական վաղակետ ազատման հարցը չի ներկայացնում դատարան, իսկ դատապարտյալը կարող է բողոքարկել որոշումը»,-ներկայացրեց փոխնախարարը։
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հիմնական զեկուցողին դիմելով՝ ասաց. «Մենք գիտենք, որ կան ցանկեր, Քրեական օրենսգրքի որոշակի հոդվածներ, որոնցով դատապարտյալների հարցը չի քննարկվում: Որքանո՞վ է ձեր առաջարկությունն ազդելու սրա վրա»:
Սուրեն Քրմոյանը պատաստանեց, որ արդեն կրկնապատկվել է պատժից պայմանական վաղակետ ազատվածների թիվը. «Շատ դեպքերում այդ հոդվածները, որոնցով քիչ են ազատվում, ծանր հանցագործության հոդվածներն են և բնական է, որ ավելի քիչ պետք է ազատվեն: Ներկայումս կա մեխանիզմ, որ այդ գործերը կարող են հասնել դատարան»: