Մանկական ուռուցքաբանության ոլորտի բարեգործական հիմնադրամներին նվիրատվություններն աճել են
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հրավերով տեղի է ունեցել մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ոլորտի բարեգործական հիմնադրամների և մասնագետների մասնակցությամբ երկրորդ հանդիպումը:
Աննա Հակոբյանի գրասենյակի հաղորդմամբ, հանդիպման մասնակիցները փարատել են նախորդ հանդիպման առիթ հանդիսացած մտահոգությունները, թե երկրում քաղաքական իրավիճակի փոփոխությունը կարող էր խաթարել այս անչափ կարևոր ոլորտի բնականոն գործունեությունը:
Նշվել է, որ նախորդ հանդիպման արդյունքներով տարածված հայտարարությունը մեծ ազդեցություն է ունեցել, և նվիրատվությունների հոսքը մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ոլորտի բարեգործական հիմնադրամներ էականորեն աճել է: Ներկաները վերահաստատել են պատրաստակամությունը՝ համախմբել բոլոր ուժերը և հնարավորությունները քաղցկեղով հիվանդ երեխաների բուժումը բնականոն շարունակելու համար:
Այս նպատակով նախատեսվում է բարեգործական հիմնադրամների և ոլորտի մասնագետների մասնակցությամբ ստեղծել խոշոր հիմնադրամ, որը կկոորդինացնի աշխատանքները և հանդես կգա խնդրով մտահոգ բոլոր մասնագետների, կազմակերպությունների և անհատների անունից: Այս առումով առաջարկ է եղել Աննա Հակոբյանին՝ ներգրավվել հոգաբարձուների խորհրդի կազմում:
Տիկին Աննա Հակոբյանը տվել է իր համաձայնությունը և համոզմունք է հայտնել, որ հիմնադրամը բաց է լինելու բոլոր շահագրգիռ կազմակերպությունների հետ համագործակցության համար և գործելու է բացառապես թափանցիկ և համակարգված:
Աշխատանքային խմբի այսօրվա հանդիպումը եղել է ընդլայնված, որին մասնակցել են մանկական ուռուցքաբան, արյունաբան Սամվել Դանիելյանը, ՀՀ Առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը, «Օգնեմ» հիմնադրամի նախագահ Էդգար Գյանջումյանը, «Ֆոնդ100» հիմնադրամի նախագահ Տիգրան Բալոյանը և հոգաբարձուների խորհրդի անդամ Լուսինե Բադալյանը, «Մենք ենք» հիմնադրամի նախագահ Սոնա Ազարյանը, «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամի տնօրեն Լիլիթ Սարգսյանը, մանկական արյունաբան Մարինե Քամալյանը և մանկական ուռուցքաբան, արյունաբան Գևորգ Թամամյանը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը