Նոր իշխանությանը պիտի նեցուկ կանգնենք. Ժիրայր Սեֆիլյան
ՀՀ վերաքննիչ դատարանում ՊՊԾ գնդի գրավման գործով հունիսի 6-ի դատական նիստից առաջ ամբաստանյալ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը պատասխանեց լրագրողների հարցերին։ Նա կարծիք հայտնեց, որ այս գործով բոլոր ամբաստանյալները շուտով ազատության մեջ պիտի լինեն. «Գործընթացը գնում է, հետևեք, ես լավատես եմ»։
Հարցին՝ կընդունի՞ արդյոք պատգամավորների երաշխավորությունները, նա պատասխանեց. «Կազատվենք, ձևը կիմանանք, առաջ չընկնենք գործընթացներից»։ Սեֆիլյանը նշեց, որ ասելիք շատ կա, սակայն առայժմ ձեռնպահ կմնա մանրամասն խոսելուց, մինչև բոլոր քաղբանտարկյալները դուրս չգան։
«Մեր խնդիրն այսօր բոլորի ազատությունն է, բոլորդ տեսնում եք՝ ինչ կնճռոտ խնդիր է մեր առաջ դրված, մենք մեր քայլերով գործող իշխանությանը, հանձին պարոն վարչապետի, պիտի նեցուկ կանգնենք, որպեսզի այս գործընթացից պատվով դուրս գանք, հետո սկսենք պետական շինարարությունը։ Տեր պիտի կանգնենք այս զարթոնքին, բոլոր գիտակից ուժերը պետք է կարողանան մի կողմ դնել գաղափարական-քաղաքական տարաձայնությունները և վերջապես երկրի մաքրագործման աշխատանքը հիմնավոր իրականացնեն»,- ասաց նա։
Սեֆիլյանը նշեց, որ շատ է կարևորում գործընթացին վիրաբուժական մոտեցում ցուցաբերելը։
ՊՊԾ գնդի գրավման գործով նիստի ժամանակ դատարանին ներկայացվեցին «Ելք» խմբակցության պատգամավորներ Լենա Նազարյանի և Հրաչ Հակոբյանի անձնական երաշխավորագրերը՝ ամբաստանյալներ Ներսես Պողոսյանի և Գևորգ Սաֆարյանի խափանման միջոցը փոխելու մասին։
Վերջիններիս փաստաբան Արայիկ Պապիկյանը միջնորդություն ներկայացրեց իր պաշտպանյալների խափանման միջոցը փոխելու վերաբերյալ, ՀՀ վերաքննիչ դատարանը հետաձգեց միջնորդությունների լուծումը, դրանց անդրադարձ կլինի դատական ակտ կայացնելիս։
Ներսես Պողոսյանը դատարանի դահլիճում հայտարարեց հացադուլ սկսելու մասին։ Դատական նիստը հետաձգվեց մինչև հունիսի 7-ը՝ 14։00-ն։