Նախիջևանը հայ ազգի պարանոցն է, պետք է լուրջ վերաբերվել. քննարկում
Նախիջևանի խնդիրն այսօրվա չէ, արդեն չորս տարի շարունակ այնտեղ կուտակումներ են լինում և լրջագույն զորավարժություններ են անցկացվում: Հունիսի 6-ին լրագրողների հետ հանդիպմանը այս մասին նշեց քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը: Նա նշեց, որ դեռևս նախորդ տարի հայտարարել է՝ Նախիջևանում մարզվում են շուրջ չորս հազար դեսանտայիններ, նրանց մարզում են թուրքական էմիսարներ:
«Ինչու՞ Նախիջևանում, որովհետև այն համարվում է հայ ազգի պարանոցը, մենք պետք է լուրջ վերաբերվենք դրան, ավելի քան լուրջ: Անցյալ տարի Իրանը ուղիղ նոտա է հղել Ադրբեջանին՝ լինելով բավական հեռու, առանց իր թույլտվության զորավարժություններ անցկացնելու համար նոտա հղեց, իսկ մենք ծպտուն չհանեցինք, շատ բաների համար ծպտուն չէինք հանում, այսօր պետք է զգոն լինենք»,- ասաց նա:
Եղիազարյանը նշեց, որ ադրբեջանցիներն իրենց ողջ ինֆորմացիոն այդ բլոկներով՝ Եվրոպայից սկսած, սկսում են հեղեղել ստահոդ տեղեկություններ Հայաստանի վերաբերյալ: Քաղաքական գործիչն ասաց, որ Ադրբեջանն ուղղակի գնել է եվրոպական ԶԼՄ-ները, և դրան պետք է վերջ դրվի:
«Մենք պետք է այս առիթն օգտագործենք և ասենք, թե ինչպես են խեղաթյուրել պատմական իրողությունները: Նախիջևանում նման զորավարժությունները պատահական չեն, էմիսարների ներկայությունը ևս»,- ասաց նա:
Պատմաբան Վոլոդյա Հովհաննիսյանն ասաց, որ Նախիջևանի հարցը պետք է դիտել ոչ միայն ռազմաստրատեգիական, այլև միջազգային քաղաքականության հարթությունում: Նախիջևանը, Մոսկվայի պայմանագրի համաձայն, պրոտեկտորատի՝ պաշտպանության իրավունքով տրված է Ադրբեջանին, իսկ դա ոչ մի հողային, տարածքային իրավունք չի տալիս Ադրբեջանին, և իրեն զարմացնում է մեր դիվանագետների պահվածքն այս հարցում:
Նա նշեց, որ հակառակորդը Նախիջևանում հսկայական ներուժ է կենտրոնացրել. «Եթե նրանք բարելավում են դիրքերը, գերակշիռ դիրք ձեռք բերում, դա նշանակում է, որ այդ հողերը անմշակ են մնալու: Տոնոյանին՝ որպես նախարար, ես հավատում եմ, հավատում եմ, որ հարվածի ուժով պետք է վերականգնենք այդ դիրքերը: Այն ռեսուրսը, որ կենտրոնացված է այնտեղ և կարող է օգտվել Թուրքիայի անսպառ աջակցությունից, մեծ սպառնալիք է Հայաստանի դեմ»։
Հարակից հրապարակումներ`
- ԱԳ փոխնախարարը՝ Նախիջևանում ադրբեջանական զորքերի տեղաշարժի մասին
- ՊՆ խոսնակը՝ Նախիջևանում կատարվող աշխատանքների մասին