ԱԷՄԳ -ում ՀՀ մշտական ներկայացուցիչը ելույթ է ունեցել Կառավարիչների խորհրդի նիստում
Հունիսի 5-ին Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ, ԱԷՄԳ Կառավարիչների խորհրդի անդամ Արման Կիրակոսյանը ելույթ է ունեցել Վիեննայում մեկնարկած Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) Կառավարիչների խորհրդի նստաշրջանին: Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Դեսպան Կիրակոսյանը, անդրադառնալով քննարկմանը ներկայացված ԱԷՄԳ 2017թ. Տեխնիկական համագործակցության ծրագրի մասին ԱԷՄԳ Գլխավոր քարտուղար Յուկիո Ամանոյի զեկույցին, դրվատանքով է խոսել տեխնիկական համագործակցության ծրագրերի արդյունավետության բարձրացմանն ուղղված գործակալության շարունակական ջանքերի մասին: Արման Կիրակոսյանը գոհունակությամբ է արտահայտվել նաև 2017թ. Տեխնիկական համագործակցության շրջանակներում սահմանված և Հայաստանի ազգային մարտահրավերներն ու առաջնահերթություններն արտացոլող նախագծերի իրագործման առթիվ:
ԱԷՄԳ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչն իր խոսքում ընդգծել է, որ Տեխնիկական համագործակցության ծրագրերն առանցքային են Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության հետ Հայաստանի համագործակցության համար: Տարիներ շարունակ ԱԷՄԳ հետ ծավալված արդյունավետ համագործակցության արդյունքում հնարավոր է դարձել շոշափելի առաջընթաց արձանագրել կարևորագույն նշանակություն ունեցող այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են Մեծամորի ատոմակայանի գործառնական հուսալիությունն ու ճառագայթային պաշտպանությունը՝ հաշվի առնելով վերջինիս շահագործման երկարաձգումը, միջուկային անվտանգության կարգավորման դաշտի բարելավումը, ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարումը, ճառագայթային ուռուցքաբանության և ախտորոշման բնագավառում հզորությունների ընդլայնումը, շրջակա միջավայրի ճառագայթման մոնիտորինգի լաբորատորիայի ստեղծումը և այլն:
Դեսպան Կիրակոսյանը նաև առանձնացրել էՏեխնիկական համագործակցության ծրագրի ներդրումը մարդկային կարողությունների զարգացման հարցում՝ նշելով, որ ծրագրի շնորհիվ հայաստանցի բազմաթիվ մասնագետներ և գիտնականներ վերապատրաստման և գիտական այցելությունների հնարավորություն են ստացել:
Ավարտելով ելույթը՝ Արման Կիրակոսյանը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության կառավարության անվերապահ աջակցությունը ԱԷՄԳ գործունեությանը և գործակալության Տեխնիկական համագործացության ծրագրին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան