Մնում է՝ շենացնենք մեր երկիրը. Արամ Մանուկյան
ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալ Արամ Մանուկյանը, ով հունիսի 8-ին դատարանից ազատ արձակվեց՝ մի քանի պատգամավորների երաշխավորության հիման վրա, լրագրողների հետ զրույցում նշեց, որ ֆիզիոթերապևտիկ բուժման է ենթարկվելու։
Նա ասաց, որ շարունակելու է իր ուսումը Երևանի ճարտարապետաշինարարական համալսարանի տնտեսագիտության բաժնում։
«Ճահճացած վիճակից վերացանք, մնում է՝ շենացնենք երկիրը։ Պայքարը ավարտված չէ, սպասենք՝ տղերքը բոլորը դուրս գան, պետք է ընդհանուր հայությամբ՝ և Հայաստանի, և Արցախի ամբողջ հայությամբ նվիրվենք գործին, շենացնենք մեր երկիրը և 400 հազար քառ. կմ հետ բերենք»,- ասաց նա։
Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորում իր ազատ արձակումը, արդյո՞ք քաղաքական փոփոխություններով, Մանուկյանը նշեց, որ ոչ միայն քաղաքական, այլև հանրության մեջ փոփոխություններով, մարդկանց գիտակցության մեջ ևս շատ բան է փոխվել։
«Չեմ փոշմանել, կար գաղափար, նպատակ, այդ քայլին դիմելու պատճառներից մեկը եղել է այն, որ ապրիլյանին ինձնից մեկ-երկու տարով փոքր տղաներ իրենց կյանքն են դրել, ցույց տվել իրենց հայրենասիրությունը, չէի կարող դա մոռանալ, ուրախանալ, այս քայլով ցույց եմ տվել իմ սերը հայրենիքի հանդեպ»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը