Դատախազություն. Կալանավորման պրակտիկայի բարեփոխման նպատակով կտրուկ միջոցներ կձեռնարկվեն
ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել կոլեգիայի նիստ, որը վարել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Նիստի ընթացքում քննարկվել են կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու և կալանքի ժամկետը երկարացնելու մասին միջնորդությունների հիմնավորվածության պրակտիկային առնչվող հարցեր՝ նախորդ տարի օգոստոսի 4-ի ՀՀ դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստում ընդունված որոշումների կատարման համատեքստում:
Դատախազությունից հայտնում են՝ ընդգծվել է խափանման միջոց կալանքի ընտրության և կալանքի ժամկետը երկարացնելու լիարժեք օրինականության ապահովմանն ուղղված դատախազական հսկողությունն ակտիվացնելու անհրաժեշտությունը:
Նշելով, որ չնայած կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունների քանակի նվազումը, դատարանների կողմից այդ միջնորդությունների բավարարման ցուցանիշների բարելավումը վկայում են չհիմնավորված միջնորդություններ ներկայացնելուց խուսափելու պրակտիկայի ամրապնդման մասին՝ ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է, որ այս ոլորտում
արձանագրված ձեռքբերումները, առկա միտումները չեն արդարացնում ինչպես մեր սպասելիքները, այնպես էլ հանրային ընկալումը:
Առաջին, ըստ Արթուր Դավթյանի, յուրաքանչյուր գործով խափանման միջոցի ընտրության միջնորդության՝ ՀՀ դատախազության կոլեգիայի կողմից ընդունված կանոններին լիարժեք համապատասխանության ապահովման համատեքստում անհրաժեշտ է հատկապես ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների պարագայում շեշտը դնել կալանքի հիմքերի ոչ թե հավանական կանխատեսելիության, այլ քրեական գործի նյութերով կալանքի հիմքերի մասին ռեալ փաստական տվյալների առկայության վրա:
Երկրորդ, ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է խափանման միջոց ընտրելու հարցի քննարկման ցանկացած դեպքում պարտադիր դիտարկել այլընտրանքային խափանման միջոցների կիրառման հնարավորության հարցը և, յուրաքանչյուր կոնկրետ դեպքում գնահատելով ռիսկերը, լայնորեն կիրառել անձնական կամ կազմակերպությունների երաշխավորությունը, նաև գրավը՝ որպես խափանման միջոց:
Երրորդ, շեշտվել է, որ հատկապես կալանքի ժամկետների երկարացման դեպքում մանրամասն քննության առարկա պետք է դարձնել կալանավորման հիմքերի իրական շարունակականության առկայությունը, ինչպես նաև վարույթ իրականացնող մարմինների կողմից նախաքննության խնդիրների լուծման գործում պատշաճ ջանասիրության ցուցաբերումը: