Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Էստոնիայի ԱԳՆ-ների միջև
Հունիսի 11-ին Երևանում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Էստոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև: Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից։
Հայկական պատվիրակությունը գլխավորել է ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Գագիկ Ղալաչյանը, էստոնականը՝ Էստոնիայի ԱԳՆ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վարչության պետ Մարտին Ռոջերը: Խորհրդակցությանը մասնակցեց նաև Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը:
Խորհրդակցությունների ընթացքում քննարկվեցին երկկողմ քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում հարաբերությունների ընդլայնման հեռանկարները։ Ընդգծվել է Հայաստանում և Էստոնիայում պարբերաբար անցկացվող մշակութային միջոցառումների կարևորությունը։
ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման համատեքստում Գագիկ Ղալաչյանն ընդգծել է Էստոնիայի կողմից Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն առաջինը վավերացնելու հանգամանքը՝ հույս հայտնելով, որ վավերացման գործընթացը սահուն կերպով կշարունակվի նաև ԵՄ անդամ մյուս երկրներում։ Նա հավելել է, որ ս.թ. հունիսի 1-ից համաձայնագրի դրույթներն արդեն սկսել են մասամբ կիրարկվել Հայաստանում։
Խորհրդակցությունների մասնակիցներին ընդունել է նաև ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը։ Հանդիպմանը կողմերն անդրադարձ են կատարել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի: Էստոնական կողմի խնդրանքով Կարեն Նազարյանը ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը։