Մետրոպոլիտենի կայարանում կրակոցների մեջ կասկածվողները հայտնաբերվել են
Նախօրեին` ժամը 14.30-ին, ոստիկանությունում մի քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ մետրոյի «Բարեկամություն» կայարանի մոտ գազ են թողել և մարդիկ խեղդվում են:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդմամբ՝ մեկնած Մետրոպոլիտենի պահպանության բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամաը 14.25-ին, նշված կայարանի գետնանցումում Արմեն Մ.-ն և Վլադիսլավ Վ.-ն բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսևորել հասարակության նկատմամբ:
Վլադիսլավ Վ.-ն իր մոտ եղած «6-Պ-36» տիպի, 8 մմ տ/չ գազային ատրճանակով կրակել է մի քաղաքացու ուղղությամբ:
Աղբյուրը հայտնում է, որ նույն օրը ժ.15.45-ին Հ.Հակոբյան փողոցից խուլիգանություն կատարելու կասկածանքով Արմեն Մ.-ն և Վլադիսլավ Վ.-ն բերման են ենթարկվել ոստիկանություն:
Ատրճանակն առգրավված է:
Արմեն Մ.-ն և Վլադիսլավ Վ.-ն ստորագրությամբ բաց են թողնվել:
Նշանակվել են դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություններ: Կատարվում է քննություն: