Աղետների ռիսկի նվազեցման տարածաշրջանային 2-րդ պլատֆորմը՝ Երևանում
Հունիսի 26-27-ը Երևանում կանցկացվի ՄԱԿ-ի Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի (ԿԱՀԿ) աղետների ռիսկի նվազեցման տարածաշրջանային 2-րդ պլատֆորմը: Այս կտրվածքով տարածաշրջանային հանդիպում Հայաստանում առաջին անգամ է անցկացվում:
ԱԻՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ նպատակն է քննարկել աղետների պատճառած վնասի նվազեցման ուղղությամբ կատարվելիք աշխատանքները և դրանց ծավալների մեծացումը: Այն կանդրադառնա նաև այն առանցքային խնդիրներին, որոնք կարող են խթանել Սենդայի գործողությունների ծրագրի իրականացումը՝ Կայուն զարգացման նպատակները, Փարիզի Համաձայնագիրը, ինչպես նաև 2018թ. վերջին Իտալիայում անցկացվելիք Աղետների ռիսկի նվազեցման եվրոպական ֆորումի և 2019թ. Գլոբալ Պլատֆորմի թեմատիկ ուղղությունները:
Տարածաշրջանային պլատֆորմը Երևանում կհյուրընկալի ներկայացուցիչներ Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի երկրներից՝ միավորելով Հայաստանից, Ադրբեջանից, Վրաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից, Թուրքմենստանից և Ուզբեկստանից ժամանած նախարարների, քաղաքապետերի, մասնավոր հատվածի ներկայացուցիչների, միջազգային կազմակերպությունների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների` «Կայուն զարգացման և դիմակայունության ձևավորման միասնական հարթակ» թեմայի շրջանակում:
Վերանայելով Սենդայի ծրագրի իրականացման 2016թ. Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի ճանապարհային քարտեզը՝ այս տարվա տարածաշրջանային պլատֆորմը, ի թիվս այլ խնդիրների, անդրադառնալու է մի շարք հարցերի՝ տարածաշրջանում կայուն և դիմակայուն զարգացման խթանում, մշտադիտարկումից անցում ռազմավարությունների իրականացման, ռիսկի նվազեցմանն ուղղված ներդրումներ անելու նպատակով պետություն-մասնավոր հատված գործընկերության խթանում, ռիսկի գիտակցումով որոշումների կայացում հողօգտագործման և քաղաքաշինության պլանավորման գործընթացներում, դիմակայունության կառուցման գործում հանրության լիարժեք ներգրավվածություն և այլն:
ԿԱՀԿ տարածաշրջանային 2-րդ պլատֆորմը հնարավորություն կտա ձևավորել համագործակցության նոր հարթակներ, կիսել աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված քաղաքականությունների, ծրագրերի և ներդրումների, այդ թվում՝ զարգացման և կլիմայական խնդիրների շուրջ փորձն ու գիտելիքները և խթանել աղետների ռիսկի կառավարման ինտեգրումը տարբեր ոլորտներում:
Հունիսի 26-27-ը Երևանում կայանալիք ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցման տարածաշրջանային պլատֆորմի անցկացման մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ: