Փաշինյան. Եթե որևէ մեկի բարեկեցության մակարդակը տեսանելիորեն աճում է՝ կամ ներգրավված է կոռուպցիայի մեջ, կամ գործում է ՏՏ ոլորտում
«Հիմա իմ ուշադրությունը կենտրոնացած է կոռուպցիայի և բարձր տեխնոլոգիաների հետ կապված խնդիրներին»,-հայտարերել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Սինոփսիս Արմենիա» ընկերություն այցելության ժամանակ:
Նա բացատրել է պատճառը. «Ես մի այսպիսի խորհրդանշական պատկեր ունեմ իմ մտքում. եթե իմ տեսադաշտում գտնվող որևէ մեկի բարեկեցության մակարդակը տեսանելիորեն աճում է՝ սովորաբար դա կապված է երկու դեպքի հետ, ուրեմն այդ մարդը կամ ներգրավված է կոռուպցիայի մեջ, կամ գործունեություն է ծավալում բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Իրականում, մի կողմ դնելով հումորը, սրա մեջ լուրջ խորհրդանշական բան եմ տեսնում: Մի դեպքում մենք գործ ունենք նրա հետ, որ մարդն ասում է՝ անհնար է, որևէ բան չի փոխվի, որևէ հույս չկա, երկրորդ դեպքում՝ բարձր տեխնոլոգիաների մարդիկ են, որոնք ասում են՝ անհնար ոչինչ չկա: Ւնչու ենք մենք կարևորում բարձր տեխնոլոգիաները, որովհետև դա և՛ մտքի, և՛ իրականության առումով ընդլայնում է հնարավորինի սահմանը: Այսինքն, այն, ինչ 10, 20, 30 տարի առաջ կհամարվեր անհնար՝ հիմա դարձել է իրականություն: Այժմ համոզված եմ և հույս ունեմ, որ ձեր մտքերում բազմաթիվ բաներ կան, որ այսօր սովորական մարդկանց համար համարվում են անհնար, բայց 5-10 տարվա ընթացքում դուք իրականություն կդարձնեք և մեր երկրում հնարավորինի սահմանը կընդլայնեք, իհարկե բոլորիս աջակցությամբ»:
Կառավարության փոխանցմամբ, ընկերություն այցելության ընթացքում գործադիրի ղեկավարն անդրադարձել է նաև պարտադիր կուտակային համակարգի հետ կապված կառավարության դիրքորոշմանը:
«Գիտեք, մենք, ըստ էության, ժառանգել ենք կոնկրետ իրավիճակ, ընդ որում՝ ժառանգել էինք մի իրավիճակ, որտեղ արդեն հուլիսի 1-ից օրենքը պետք է մտներ ուժի մեջ: Այսինքն, մենք ունեինք չափազանց քիչ ժամանակ որևէ բան անելու համար: Մեր լուծումը ոչ թե արտահայտում է մեր գլոբալ դիրքորոշումը տվյալ խնդրի վերաբերյալ, այլ արտահայտում է մի գործնական նպատակ՝ ունենալ ժամանակ այդ խնդիրը բոլոր շահագրգիռ ուժերի ներգրավվածությամբ, հանդարտ պայմաններում, առանց ցայտնոտի քննարկելու համար: Գիտեմ, որ այդ որոշումը ներկաներից շատերի համար ցավոտ է, ես իսկապես ցավում եմ, որ ստիպված ենք եղել կայացնել այդպիսի որոշում, բայց դա ամենաբալանսավորված որոշումն է՝ մի պայմանով, որ մենք ունենք հնարավորություն և առաջիկա ամիսների մեր խնդիրն է լինելու հանդարտ պայմաններում այդ հարցը քննարկել, կայացնել մի որոշում, որը կլինի կամ կոնսենսուսային, կամ շատ մոտ կլինի կոնսենսուսին»,- մասնավորապես ասել է Փաշինյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին