«Ժողովուրդ». Սաբոտաժը դադարեցվեց
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի երեկվա հրապարակումը, թե ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սաբոտաժի է ենթարկում Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության գործունեությունը, երբ ո՛չ ինքը, ո՛չ դիվանագետները հանդիպումներում հավուր պատշաճի չեն ներկայացնում նոր Հայաստանը, թավշյա հեղափոխության արդյունքում ձեռքբերումները, բուռն արձագանք է ստացել:
Երեկ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը փորձել էր հերքել մեր հրապարակումը, բայց ոչ համարժեք ձևով. հակափաստարկներ ներկայացնելու փոխարեն պիտակներ էր հնչեցրել հրապարակման մասին: Մինչդեռ «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումից հետևություններ արել էր նախարար Մնացականյանը` վերանայելով իր գործելաոճը: Եւ ահա երեկ նա Բրյուսելում հադիպել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիին: Ու Մնացականյանը վերջապես օտարերկրյա դիվանագետներին ներկայացրել է նոր Հայաստանում ստեղծված իրավիճակը:
Ըստ պաշտոնական հաղորդագրության` «Նախարար Մնացականյանը հանգամանալից ներկայացրեց ՀՀ-ում տեղի ունեցած վերջին զարգացումները, կառավարության արտաքին քաղաքական գերակայությունները, որոնց հիմքում ընկած է շարունակականության սկզբունքը՝ ուղղված ՀՀ ազգային շահի պաշտպանությանը։ ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ ժողովրդի ուժեղ մանդատը վայելող նոր կառավարությունն իր գործողություններով ցուցաբերել է մեծ կամք ու պատասխանատվություն՝ կյանքի կոչելու հասարակության բարձր ակնկալիքներն՝ արդարադատության, օրենքի գերակայության, տնտեսական, սոցիալական եւ այլ ոլորտներում հավասար իրավունքների ապահովման ուղղությամբ, վճռականորեն արձագանքելու կոռուպցիայի սպառնալիքներին եւ մարտահրավերներին։ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծեց, որ ՀՀ նոր կառավարության այդ վճռականությունն աներեր է ու ապացուցվում է գործով»:
Հետաքրքիր է` եթե կարող էին այսկերպ վարվել, ինչո՞ւ ավելի քան մեկ ամսվա ընթացքում չէին անում: Իսկ մենք սպասում ենք նաև հայ մյուս դիվանագետների նման հանդիպումներին»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան