Զինծառայողների քվեարկությունը ժամանակին ընտրակեղծիքների մի մասն է կազմել. պատգամավոր
«Ընտրական օրենսգրքի շուրջ բոլոր փոփոխությունները, որոնք խմբակցությունները ժամանակի ընթացքում առաջ են քաշել, պետք է վերլուծվեն, քննարկվեն, առաջարկությունները ներկայացվեն, կառավարության ներկայացուցիչը պետք է մասնակցի քննարկումներին»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսօր ասաց «Ծառուկյան դաշիքն» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։
«Մեր բոլոր առաջարկները կներկայացնենք, կքննարկենք, կգանք կոնսենսուսի: Այն փոփոխությունները, որոնք ընդունելի կլինեն բոլոր խմբակցությունների համար, դրանց շուրջ կծավալվեն քննարկումները։ Այս պահին իհարկե համար մեկը, որ բոլորիս համար քննարկման ենթակա է, դա վարկանիշյին ընտրակարգն է»,- ասաց նա։
Պատգամավորը նկատեց, որ իրենք կողմնակից են 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին, սակայն նա միևնույն ժամանակ նշեց, որ ռեյտինգային ընտրակարգն էլ է համարվում համամասնականւ մի տարբերակ:
«Ուստի խոսքը չպետք է գնա համասնականից մեծամասնական, կամ ընդհակառակը ըտնրակարգերի փոփոխության մասին, այլ պետք է գնա, որ համասնականը միայն կուսակցությունների քվեարկության ռեժիմով անցնի, չլինեն մեծամասնական թեկնածուներ»,- շեշտեց պատգամավորը՝ հավելելով, որ հնարավոր է քննարկվի նաև ողջ հանրապետության տարածքը մեկ ընտրատարածք դիտարկելու տաբերակը:
Սերգեյ Բագրատյանի խոսքով, իրենց կողմից քննարկման է դրվել կրկնաքվեարկությունները բացառելու տարբերակներ:
«Կարող է կիրառվի սփռեյ մեթոդը, այսինքն` ընտրողը պետք է թանաքոտի մատները, դրա շնորհիվ 12 ժամ չի ջնջվի մատնահետքը և տվյալ անձը երկրորդ անգամ չի կարողանա քվեարկել: Սա նույպես քննարկման առարկա է, ինչպես գիտեք ակտիվ և պասիվ ընտրական ցուցակների խնդիր ենք դրել, որը քննարկման առարկա է: Հանրապետությունում առկա փաստացի ընտրողների քանակը պետք է ֆիքսվի ակտիվ ցուցակներում:
Պասիվ ցուցակում պետք է ընդգրկված լինեն այն ընտրողները, ովքեր այս պահին չեն գտնվում հանրապետությունում: Եթե տվյալ մարդիկ հանրապետություն կտեղափոխվեն ընտրությանը մասնակցելու նպատակով, դա կարձանագրվի սահամանային անցակետերում, այդ կերպ հնարավոր կլինի հստակ բացառել այդ մարդկանց փոխարեն քվեարկելու պրակտիկան»,- ասաց նա:
Անդրադառնալով զինծառայողների քվեարկության հարցին՝ Բագրատյանն ասաց. «Այստեղ քննարկումներ կան։ Տարբերակ առաջին, որ հրամանատարները չկարողանան մոտենալ քվեախցիկներին 50 կամ 100 մետրից ավել, որպեսզի զինվորներն առանց հրամանատարի ուղեցկությամբ մասնակցեն քվեարկությանը: Պետք է գտնել հնարավորություն, որպեսզի նախ չոտնահարվի զինվորի իրավունքը և երկորրդը թույլ չտալ նախկինի պես հրամանով քվեարկություններ իրականացնել»,- ասաց նա:
Հարցին` զինվորի քվեարկությանը չմասնակցելու հարցը չի՞ դրվում, Բագրատյանն ասաց, որ իրավունքի ոտնահարման խնդիր կա:
«Մենք պետք է փորձենք գտնել լավագույն լուծումը: Քննարկման արդյունքում մյուս երկրների փորձն էլ կուսումնասիրենք, դա մեծ խնդիր է, ժամանակին դա ընտրակեղծիքների մի մասն է կազմել»,- ասաց նա: