Արցախի գործընկերների հետ համագործակցությունը շարունակական է լինելու․ ԱԻ նախարար
«Արցախի Հանրապետության նախագահի հետ հանդիպման ընթացքում մենք վերահաստատեցինք նախկինում արձանագրված բոլոր պայմանավորվածությունների կատարումը։ Համագործակցության հիմնական ուղղությունները շարունակական են լինելու հակակարկտային պաշտպանության, հիդրոմետ ծառայության արդիականացման, սեյսմիկ անվտանգության ապահովման և այլ բնագավառներում», - այս մասին նշել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը՝ Արցախ կատարած այցի ընթացքում։
ԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Հրաչյա Ռոստոմյանը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել Արցախի գործընկերներին՝ մասնավորապես քաղպաշտպանության կադրերի վերապատրաստման, նյութատեխնիկական բազայի կատարելագործման և այլ ուղղություններով:
Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության կողմից Արցախի Հանրապետության ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայությանն անհատույց օգտագործման է տրվել «Մերսեդես Բենց» մակնիշի հատուկ փրկարար մեքենա։
Պաշտոնական այցի ավարտին ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը ևս մեկ անգամ հաստատել են երկու գերատեսչությունների միջև համագործակցության շարունակականությունը և հույս հայտնել, որ ձեռք բերված պայմանավորվածությունները մոտ ապագայում կյանքի կկոչվեն: