Շարմազանովը մտահոգիչ է համարել վերջին օրերին ռուս որոշ պաշտոնյաների հակահայ հայտարարությունները
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆայիլ Զինուրովն այսօր հանդիպմանը կարևորել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները և պատրաստակամություն հայտնել ակտիվ մասնակցություն ունենալ երկկողմ կապերի առավել ամրապնդման գործում:
ԱԺ հանրային կապերի վարչությունից հայտնում են, որ Էդուարդ Շարմազանովն ընդգծել է Ռաֆայիլ Զինուրովի անձնական ներդրումը երկու երկրների ու ժողովուրդների միջև հարաբերությունների խորացման հարցում:
ԱԺ փոխնախագահն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրին: Նա վերահաստատել է հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում կարգավորելու՝ հայկական կողմի դիրքորոշումը, ինչը միանշանակ չի ընդունվում Ադրբեջանի կողմից: Այս համատեքստում Էդուարդ Շարմազանովը մտահոգիչ է համարել վերջին օրերին ռուս որոշ պաշտոնյաների հակահայ հայտարարությունները, որոնք, ըստ նրա, չեն համապատասխանում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ոգուն:
«Հայաստանը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության ապահովման երաշխավորն է: Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել և չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման հարցում Թուրքիան և Ադրբեջանն իրական սպառնալիք են»,-նշել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը:
Էդուարդ Շարմազանովն առաջարկել է ռուս գործընկերների հետ քննարկել ՌԴ Դաշնության խորհրդում և Պետական դումայում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման 70-ամյակին նվիրված «Խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանությունների» խորագրով ցուցահանդեսի կազմակերպման նպատակահարմարության հարցը: Ռաֆայիլ Զինուրովը հարցը քննարկելու պատրաստակամություն է հայտնել:
Հանդիպման ավարտին Ռաֆայիլ Զինուրովն Էդուարդ Շարմազանովին նվիրել է իր հեղինակած գիրքը՝ «Հայաստանի նոր և նորագույն պատմության ակնարկներ» խորագրով:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին