Եթե որոշենք, որ ունենալու ենք միջանկյալ թեկնածու, այդպիսին ունենք և կառաջադրենք. Դավիթ Խաժակյան
Ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը չի բացառում, որ Երևանի քաղաքապետի ընտրություններին թեկնածուների առաջադրումներ լինեն, սակայն դրանով կփակվեն ամենակարճ ժամանակահատվածում արտահերթ ընտրություններ անցկացնելու դռները: Նման տեսակետ վերջինս հայտնեց այսօր՝ լրագրողների հետ զրույցում:
«Տարոն Մարգարյանը փորձում էր ամեն րոպե կառչած մնալ պաշտոնին և հրաժարական չտալ: Սա այն տրամաբանության մեջ է, որ այս ավագանին հնարավորինս երկար գործի: Ուշ թե շուտ պետք է ավագանու լուծարում տեղի ունենա: Բայց քաղաքապետի արտահերթ ընտրությունները հուլիսի 16-ին նշանակելու առաջարկությունը բերելու է նրան, որ ընտրությունները կամ տեղի են ունենալու բավականաչափ ուշ կամ այնքան շուտ, որ ընտրական գործընթացի կազմակերպման տեսանկյունից խնդիրներ առաջանան»,- ասաց Դավիթ Խաժակյանը:
Նրա խոսքով, եթե ՀՀԿ-ն հուլիսի 16-ին իր կազմից Երևանի քաղաքապետ ընտրի, կնշանակի՝ որոշել է իր վիճակը բարդացնել:
«Հացանք գործած անձը հնարավորություն ունի վերջում այդ մասին խոստովանել և գործողություններ իրականացնել՝ մեղմելու իր արարքը: Դժվարանում եմ ասել՝ ինչ կանենք, եթե ընտրությունները կայանան հուլիսի 16-ին, պետք է լրացուցիչ քննարկումներ իրականացնենք՝ հասկանալու առաջադրում ենք կատարում, թե գնում ենք արտահերթ ընտրությունների: Սրանով ՀՀԿ-ն վնասելու է ոչ թե «Ելք» դաշինքին, այլ պետությանն ու քաղաքին: ՀՀԿ-ին ամենասազական խոսքը հետևյալն է՝ «Մեզնից հետո՝ թեկուզ ջրհեղեղ»: Եթե որոշենք, որ ունենալու ենք միջանկյալ թեկնածու, այդպիսին ունենք և կառաջադրենք»,- ասաց Դավիթ Խաժակյանը:
Հարակից հրապարակումներ`
- Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունները կկայանան հուլիսի 16-ին
- ԲՀԿ-ն ու «Ելք»-ը մտադիր են Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին քաղաքապետի թեկնածուներ առաջադրել
- Տարոն Մարգարյանը հայտարարեց հրաժարականի մասին