«Ֆորբս». ԱՄՆ ամենահաջողակ գործարար կանանց անունները
«Ֆորբս» ամսագիրը չորրորդ անգամ հրապարակել է ԱՄՆ 60 ամենահաջողակ բիզնես-լեդիների ցանկը, որոնք հաջողության են հասել իրենց ուժերով։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, նրանց ընդհանուր ունեցվածքը գնահատվում է 71 միլիարդ դոլար, ինչը 15 տոկոսով ավելի է, քան 2017 թվականին։ Այդ վարկանիշում հայտնվելու նվազագույն կապիտալի չափն աճել է 23 տոկոսով և գնահատվում է 320 միլիոն դոլար։ 60-րդ տեղում երգչուհի Թեյլոր Սվիֆտն է, որի կապիտալը 320 միլիոն դոլար է։ 60 կանանցից 24-ը միլիարդատեր են։
ԱՄՆ ամենահարուստ կինը, որը հաջողության է հասել իր ուժերով, ABC Supply ընկերության համահիմնադիր Դիանա Հենդրիկսն է՝ 4,9 միլիարդ դոլար կապիտալով։ Երկրորդ տեղում Little Caesars Pizza-ի համահիմնադիր Մարիան Իլիտչն է, նրա հարստությունը 4,3 միլիարդ դոլար է։ Երրորդը Epic Systems-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Ջուդի Ֆոլքներն է՝ 3,5 միլիարդ դոլարով։
Ընդհանուր առմամբ, ցուցակի 17 կին հարստացել է նորաձևության և վերավաճառքի բիզնեսում, 7-ը զբաղված են կոսմետիկայի վաճառքով։ Տեխնոլոգիաների ոլորտն օգնել է հարստանալ 13 հոգու, ԶԼՄ-ները և զվարճանքի բիզնեսը՝ 10-ին։