Կառավարությունն առաջարկում է վերացնել կոալիցիա կազմելիք ուժերի քանակի սահմանափակումը
«ՀՀ վարչապետին կից Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը ևս մեկ նիստ է գումարել։ Որոշ հարցերի շուրջ, որոնց շուրջ նախկինում դիրքորոշում չկար, այժմ արդեն ձևավորված դիրքորոշում կա»,-ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումների ժամանակ այսօր ասաց նույն հանձնաժողովի համակարգող Դանիել Իոաննիսյանը։
«Այդուհանդերձ, սա բոլոր հարցերը չի ծածկում։ Մասնավորապես, խոշոր հարցերից հանձնաժողովը դեռ չի քննարկել ՏԻմ ընտրություններին, քրեական օրենսդրությանը, բողոքարկումներին վերաբերող կարգավորումները։ ԱԺ ընտրակարգի հետ կապված մենք ևս երեկվա մեր նիստում մի քանի կարգավորումներ սահմանեցինք։
Դրանք հետևյալն են. նախ կոալիցիաների ձևավորման սահմանափակումը, որը ենթադրում էր, որ միայն 3 ուժ կարող են կոալիցիա ձևավորել։ Մենք հանում ենք այս սահմանափակումը։ Քանակի հետ կապված որևէ սահմանափակում չի դրվում։ Հաջորդը վերաբերել է կանանց քվոտային։ Այն կարգավորումները, որ գործող ընտրակարգով պետք է ուժի մեջ մտնեին հաջորդ հերթական ընտրությունների համար, ուժի մեջ կմտնեն հիմա»,- ասաց Իոաննիսյանը։
ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը նշեց, որ ինքը բացասաբար է վերաբերում կոալիցիա կազմելու թվաքանակի շուրջ սահմանափակումներին։
«Եթե մենք խոսում ենք խորհրդարանական կառավարման ձևի մասին, նախկինում ներդրվել են տարբեր մեխանիզմներ, որպեսզի այն համեմատաբար կայուն լինի։ Այն, ինչ արվում է, այսինքն՝ անցողիկ շեմն է նվազեցվում, կուսակցությունների թվաքանակի սահմանափակում է վերացվում, իմ խորին համոզմամբ, դա բերելու է անկայուն կառավարման»,- ասաց Հարությունյանը։
Նրա խոսքով, այն երկրները, որոնք քայլեր չեն ձեռնարկում հնարավորինս ապահովելու կայուն գործադիր իշխանություն, հայտնվում են պերմանենտ փոփոխությունների շրջափուլում, ինչը Հայաստանի համար շատ վտանգավոր է։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան