Պետնախարար Մարտիրոսյանը ընդունել է ԼՂ-ում ԿԽՄԿ առաքելության ղեկավարին
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության ղեկավար Դրագոսլավ Բլաժևիչ Չիրոյին:
Պետական նախարարը բարձր է գնահատել Արցախի Հանրապետությունում կառույցի մարդասիրական առաքելությունը և ԱՀ համապատասխան պետական ատյանների միջև հաստատված համագործակցության մակարդակը։
ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, Գ. Մարտիրոսյանը հատկապես ընդգծել է 2016թ.-ի ապրիլյան պատերազմի օրերին ԿԽՄԿ կողմից ծավալված մարդասիրական մեծ աշխատանքը՝ հատուկ շնորհակալություն հայտնելով Դրագոսլավ Բլաժևիչ Չիրոյին այդ գործում ունեցած մեծ ավանդի համար: Նա հայտնել է ԱՀ իշխանությունների պատրաստակամությունը՝ հնարավորինս աջակցել հանրապետությունում Կարմիր Խաչի գործունեությանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ԿԽՄԿ առաքելության ղեկավարը իր հերթին շնորհավորել է պետնախարար Մարտիրոսյանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Դ. Չիրոյի խոսքով՝ Արցախի իշխանությունների հետ ձևավորված համագործակցության շրջանակներում իրենց հաջողվել է մեծ ծավալի աշխատանք կատարել հատկապես առողջապահության, անհայտ կորած անձանց որոնողական աշխատանքների, հումանիտար և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ԿԽՄԿ գրասենյակի գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր: