Տարածքներում մրցակցություն էր ընթանում միլիարդատերերի և քաղաքական գործիչների միջև. Մարուքյան
«Ինչ հիշում եմ, ընդդիմությունը միշտ կողմ է եղել համամասնական ընտրակարգին, իսկ արդեն 2015 -2016 թվականներին, երբ գործող օրենսգիրքը պետք է ընդունվեր, իշխանությունը հայտարարեց, համամասնական ընտրակարգի ընդունման մասին»,- ԱԺ-ում այսօր կայացած ԸՕ քննարկումների ժամանակ հիշեցրեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։
«Սակայն հետո ԸՕ-ով ամրագրվեց համամասնականի մի տարատեսակ, որի մասին առաջիններից եմ ասել, որ սա մեզ վատ տեղ է տանում: Այն ժամանակն էլ մանրամասն ներկայացրել էի, թե ինչ է լինելու և այդպես էլ եղավ: Այսինքն՝ տարածքներում մրցակցություն էր ընթանում միլիարդատերերի և քաղաքական գործիչների միջև, դրա արդյունքում քաղաքական գործիչները հայտնվել էին շատ բարդ իրավիճակում»,- նշեց բանախոսը։
Մարուքյանը շեշտեց, որ շատ դժվար էր նախկին պայմաններում քաղաքական խոսք տեղ հասցնել, քանի որ գաղափարների պայքար տեղի չէր ունենում: Ըստ Մարուքյնաի՝ այսօրվա կառավարությունն առաջարկում է անցնել այն 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին, որի մասին ընդդիմությունը միշտ խոսել է:
«Երբ ասվում է փակ ցուցակ, դա, բնականաբար փակ չէ: Դա ցուցակ է, որը կազմում է քաղաքական ուժը, որը ներքին քննարկումների ժամանակ պետք է այնպես անի, որ մարզային ներկայացվածություն ունենա: Եթե մարզերից մարդիկ չի ներգրավում, այդ մարզերից ձայներ չի ստանա: Այսինքն՝ վտանգը, որ կունենանք երևանցիների խորհրդարան, այդ վտանգը կա նաև կուսակցության ներսում»,- ասաց պատգամավորը:
Անդրադառնալով ՀՅԴ առաջարկին՝ այն է՝ ընտրությունների գնալ բաց ցուցակներով, ասաց, որ դա լավ տարբերակ է, քանի որ խոսքը թեկնածուների ռեյտինգավորման մասին է՝ հանրապետության տարածքով մեկ:
«Մենք կարող ենք բոլոր տարբերակները քննարկել, բայց այսօրվա գործող ընտրակարգը վատն է»,- եզրափակեց Էդմոն Մարուքյանը:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանն էլ առաջարկով որոշվեց առաջիկա ուրբաթ օրը ևս մեկ քննարկում նախաձեռնել, որի ժամանակ միայն խորհրդարանական ուժերը կքննարկեն նախապես ներկայացված գրավոր առաջարկները: Այդ ամենից հետո խորհրդարանական ուժերի կոնսենսուսային որոշումը փաստաթղթի տեսքով կներկայացնեն Կառավարության համապատասխան հանձնաժողովին:
Հարակից հրապարակումներ`
- Իդեալական մոդել չկա, յուրաքանչյուր մոդել ինչ-որ խոցելի տեղն ունի. Արմեն Ռուստամյան
- Ընտրական իդեալական համակարգ գտնելն անհնարին է. Դավիթ Հարությունյան
- Գործող ընտրակարգն ապաքաղաքականցրել է ընտրությունները. Նաիրա Զոհրաբյան