Աշոտ Ղուլյանը շնորհավորել է «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի նոր նախագահին
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ, «Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի ղեկավար Աշոտ Ղուլյանն այսօր շնորհավորական նամակ է ուղարկել Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Գի Տեսիեին՝ «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ։ Արցախի Հանրապետության ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, շնորհավորական նամակում մասնավորապես ասված է. «Հարգարժան պարոն Տեսիե, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի նախագահ ընտրվելու առթիվ։
Այս պաշտոնում Ձեր ստանձնած հանձնառությունը խոսում է ոչ միայն խիզախության, այլև համոզմունքներին հավատարմության և կամքի մասին։
Արցախում բարձր ենք գնահատում «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի գործունեությունը և վստահ եմ, որ Ձեր ղեկավարության շնորհիվ Արցախի ժողովրդի ձայնն ավելի լսելի կդառնա Ֆրանսիայում։ Վերստին շնորհավորում եմ Ձեզ և մաղթում ակտիվ ու արդյունավետ գործունեություն՝ ուղղված խաղաղության, ազգերի հավասարության և համերաշխության սկզբունքների համընդհանուր պաշտպանությանը»։
Աշոտ Ղուլյանի անունից շնորհավորական նամակներ են ուղարկվել նաև «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի փոխնախագահներ, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Ֆրանսուա Պուպոնիին, Ֆրանսիայի Սենատի անդամ Միշել Ամիելին և Բուրգ լե Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուրյեին։ Գի Տեսիեն բարեկամության շրջանակի փոխնախագահն էր, իսկ նախագահի պաշտոնում նա փոխարինել է Ֆրանսիայի ԱԺ նախկին պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանին։
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ