Կողմերի ձեռնարկած ցանկացած կառուցողական շփումներ պետք է միտված լինեն Արցախյան խնդրի կարգավորման գլխավոր նպատակին. Զախարովա
ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր՝ ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում, պատասխանել է այն հարցին, թե Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բրյուսելյան հանդիպումը որքանով կարող է խթան հանդիսանալ Արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի առաջխաղացման համար։
«Մենք չենք մեկնաբանում երկկողմ հանդիպումները, որոնք տեղի են ունենում առանց Ռուսաստանի մասնակցության։ Բայց հաշվի առնելով այն, որ Ռուսաստանը կապ ունի այս թեմայի, ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ, ինձ թույլ կտամ ասել. մենք ելնում ենք այն բանից, որ կողմերի ձեռնարկած ցանկացած կառուցողական շփումներ պետք է միտված լինեն խնդրի կարգավորման գլխավոր նպատակին»,- ասել է նա։
«Մենք ողջունում ենք այն ամենը, ինչ կողմերը գնահատում են որպես քայլ դեպի վերջնական կարգավորում կամ գոնե երկխոսության շարունակություն»,- հավելել է Զախարովան։