«Լուսավոր Հայաստան»-ը բոյկոտել է Վանաձորի ավագանու նիստը
«Լուսավոր Հայաստան խմբակցությունը անընդունելի համարելով մասնակցել նախկին ՀՀԿ-ական վարքագիծը դեռևս որդեգրած ավագանու նիստին, բոյկոտեց և հեռացավ նիստերի դահլիճից»: Այս մասին հայտարարություն է տարածել կուսակցությունը:
Կուսակցությունից նաև հայտնում են, որ այսօր Վանաձորում գումարվել է ավագանու արտահերթ նիստ:
«Ի սկզբանե նիստում պետք է ներառված լիներ 2 հարց, կապված նորակառույց բժշկական կենտրոնի և երիտասարդական ծրագրերի հետ:
Սակայն անակնկալ կերպով օրակարգում հայտնվեցին շուրջ 11 հարց: Եվ քանի որ այդ հարցերը չէին քննարկվել համապատասխան հանձնաժողովներում և չկային համապատասխան եզրակացություններ, մեր կողմից առաջարկվեց այդ հարցերը հանել օրակարգից, և քննարկել այլ արտահերթ նիստում, պահպանելով կանոնակարգը և չանտեսելով հանձնաժողովների կարծիքները: Ստանալով բացասական պատասխան, այդ մոտեցումը մեր կողմից որակվեց որպես ընդունված կարգի խախտում և անհարգալից մոտեցում հանձնաժողովների վերաբերյալ»,-հիմնավորում են կուսակցությունից: