Էդ ի՞նչ թրեյնինգ ենք անելու, մարդկանց քվեաթերթիկները հաշվե՞լ ենք սովորեցնելու. ՀՀԿ ներկայացուցիչ
«Կստորագրեի Էդմոն Մարուքյանի յուրաքանչյուր խոսքի տակ, եթե ծանոթ չլինեի ընտրական համակարգերին։ Ցավոք սրտի, այն, ինչ նա ասում է, գեղեցիկ ներկայացում է, բայց իրական որևէ փորձի վրա հիմնված չէ»,- այսօր խորհրդարանում ԸՕ քննարկումների ժամանակ ասաց ՀՀԿ-ական ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը:
Նա անդրադարձավ Մարուքյանի ավելի վաղ հնչեցված այն տեսակետին, որ ՀՅԴ-ի առաջարկած մոդելը պահանջում է երկարաժամկետ թրեյնինգներ անցկացնել:
«Էդ ի՞նչ թրեյնինգ ենք անելու, մարդկանց քվեաթերթիկները հաշվե՞լ ենք սովորեցնելու: Եթե թվաբանական դասերը նկատի ունեք, առաջարկում եմ դրանք անցկացնել միասնական։ Սա ավել թրեյնինգ չի պահանջում: Մենք ընդամենը հաշվարկի մասին ենք խոսում։ Վերահսկողությունը թրեյնինգ չէ, դա վերահսկելն է, որ ճիշտ հաշվեն, խնդրում եմ, հարցը մի բարդացրեք, քան այն իրականում կա։
Կարող եք ասել՝ քաղաքական առումով նպատակահարմար չեք համարում, կարող եք ասել, որ չունեք տարածքային ներկայացվածություն, դրա համար ձեզ ձեռք չի տալիս այս մոդելը, ես կհասկանամ: Գոնե կհասկանամ, որ քաղաքական նկատառումներից ելնելով եք դա ասում, փորձում եք քողարկվել նրանով, որ քվեաթերթիկները հաշվարկելն այնքան բարդ է, որ ընտրությունները կհետաձգվեն։ Այդպես չէ»,- ասաց նա։
«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր հերթին նկատեց, որ այս քննարկումների արդյունքում այդպես էլ կոնսենսուս ձեռք չի բերվել:
«Դուք ասում եք՝ եթե ձեր առաջարկը չի ընդունվում, կարող եք պաշտպանել ՀՅԴ-ի առաջարկը: Մեր քննարկումների ժամանակ ասվել է՝ ախպեր ջան, դուք չե՞ք իշխանությունը, դե գնացեք, որտեղից ուզում եք, կամերաները բերեք, դրեք: Պարզ է չէ՞, որ բեռը կրում է օրվա իշխանությունը: Բայց կկարողանա՞ այդ բեռը կրել»,- հարց հնչեցրեց Մարուքյանը:
Դավիթ Հարությունյանը հետաքրքրվեց՝ «կամերաները» պահեստից բերե՞լն է բեռ:
«Միայն քննադատելու համար պետք չէ բան ասել: Մենք առաջարկում ենք հաշվարկի սարքեր, բայց տեսնում ենք, որ չեք կարողանում, ասում ենք՝ լավ, կոնստրուկտիվ ենք»,- նշեց նա։
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն իր հերթին չհամաձայնեց այն մտքի հետ, որ իրենց առաջարկը հետ կգցի ընտրությունների օրը:
«Մենք էլ ենք կողմ են, որ արտահերթ ընտրությունները սեղմ ժամկետներում անցկացվեն: Դասական համամասնական ընտրակարգը ենթադրում է երկուսն էլ՝ և´ բաց, և´ փակ: Մեկը ավելի դյուրին է անցկացնել հաշվելու իմաստով, մյուսը այդ դյուրինությունը չունի»,- ասաց Ռուստամյանը:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ նկատեց, որ այս քննարկումն անպտուղ է։ Նա կոչ արեց բովանդակային քննարկում իրականացնել, բայց պատգամավորները շարունակեցին թեժ դիտողություններ անել։
Արմեն Ռուստամյանն ասաց, որ իրենք չեն ուզում «տուպիկ մտցնել» երկիրը, իրենք պարզապես լավ տարբերակ են առաջարկում և պետք չէ միայն հաշվարկի համար ընտրել փակ համամասնականը:
Հարակից հրապարակումներ`
- Առաջարկված մոդելներից ընտրում ենք ՀՅԴ-ի առաջարկած մեխանիզմը. Դավիթ Հարությունյան
- ՀՀԿ-ի առաջարկածը նախորդ ռեյտինգային ընտրակարգն է՝ մի քիչ այլ մոդիֆիկացիայով. Զոհրաբյան
- Լավ կլիներ՝ տիկին Հովհաննիսյանն այստեղ ներկա լիներ և մեկնաբաներ իր կողմից ասվածը. Մարուքյան
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան