Բոլորը նախընտրական շրջանում բժիշկ են դառնում, գնում են մարզերում սկսում են բժշկել. Արմեն Ռուստամյան
ԱԺ-ում ԸՕ բարեփոխումների շուրջ քննարկումների ժամանակ այսօր ՀՀԿ-ն և «Ծառուկյան դաշինքը» աջակցություն չհայտնեցին ՀՅԴ-ի առաջարկին՝ ընտրություններից առաջ, ողջամիտ ժամկետներում, դադարեցնել բարեգործական կազմակերպությունների բարեգործական ակցիաները, բացառել այն կուսակցությունների կամ դաշինքների մասնակցությունը ընտրություններին, որոնց անվանումները համընկնում են բարեգործական կազմակերպությունների անվանումների հետ:
ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը նշեց. «Մենք գիտենք` ոնց է քողարկվում այդ ամենը: Բարեգործությունը չի տուժի, եթե մի քանի ամիս չկատարվի: Բարեգործություն ասվածն այդ ժամանակահավտվածում այսպես կամ այնպես կապվում է ընտրական գործընթացների հետ»:
Նրա խոսքով, նախընտրական շրջանում բոլորը, չգիտես ինչպես, հանկարծ սկսում են հումանիստ դառնալ:
«Բոլորը նախընտրական շրջանում բժիշկ են դառնում, գնում են մարզերում սկսում են բժշկել»,- ասաց պատգամավորը:
Ինչպես իր հերթին նշեց ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը, այս առաջարկը արհեստական է, և որ գործող ԸՕ-ն տվել է պատշաճ մեխանիզմ, որը վերաբերում է նախընտրական քարոզչությանը:
«Ես համարում եմ` այն, ինչ գրված է ԸՕ-ում, համապարփակ է»,- ասաց նա։
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը համաձայնեց վերջինիս հետ։
Ինչ վերաբերում է «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Սերգեյ Բագրատյանին, վերջինս նկատեց. «Առավոտ շուտ ես «Դաշնակցություն» բարեգործական միություն եմ ստեղծում ու ձեզ արգելում եմ մասնակցել ընտրություններին»:
Ռուստամյանը շեշտեց, որ նրանք իրավունք չունեն Դաշնակցության անվան հետ կապված որևէ բան ստեղծելու, քանի որ 128 տարվա պատասխանը չեն կարող տալ:
«Պարո'ն Ռուստամյան, 500 տարվա պատասխան էլ կտանք, բայց այդ կարգավորմանը դեմ ենք»,- ասաց Սերգեյ Բագրատյանը:
«Դեմ եք, դեմ եղեք, Դաշնակցության անուն մի' տվեք»,- իր հերթին ասաց Ռուստամյանը:
Վերջիններիս երկխոսությանը միջամտեց Դավիթ Հարությունյանը՝ հավելելով, որ եթե առաջարկը վերախմբագրվի, ինքն առարկություն չի ունենա։
«Այսքան լայնը համարում եմ վտանգավոր, բայց եթե նեղացնեք, կողմ եմ քվեարկելու»,- նշեց ՀՀԿ-ական գործիչը։
Հարակից հրապարակումներ`
- ԸՕ բարեփոխումների շուրջ ՀՀԿ-ի 4 առաջարկներն ընդունվեցին, 2-ի շուրջ վերպահումներ կան
- Ընտրապայքարին մասնակցող ուժերի 90 տոկոսը նախապես չի ներկայացնելու կառավարության իր կազմը. Զոհրաբյան
- Եթե որակյալ բանավեճեր չլինեն, կաբինետի նախնական հրապարակումը ոչինչ չի տալու. Սպարտակ Սեյրանյան
- Առաջարկ. Ընտրություններին մասնակցող ուժերը նախապես ներկայացնեն ապագա կառավարության կազմը