Այսօրվանից ՀՀ բարձրագույն դատարանները կարող են խորհրդի համար դիմել ՄԻԵԴ
Այսօրվանից` օգոստոսի 1-ից, Հայաստանի Սահմանադրական դատարանն ու Վճռաբեկ դատարանը կարող են խորհրդատվական կարծիքներ ստանալու համար դիմել Ստրասբուրգում գտնվող Մարդու իրավունքների եվրոպական դատարան այն հարցերի շուրջ, որոնք կապված կլինեն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով սահմանված իրավունքների ու ազատությունների մեկնաբանության կամ կիրառման հետ։
Սա հնարավոր է դարձել շնորհիվ այսօր ուժի մեջ մտած Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 16-րդ արձանագրության, որը Հայաստանը վավերացրել է 2017թ․-ի հունվարին։
Խորհրդատվական եզրակացությունները, որոնք ներկայացվելու են ՄԻԵԴ Մեծ պալատի կողմից, պարունակելու են պատճառներ, որոնք չեն լինելու պարտադիր։ ՄԻԵԴ-ն իր հայեցողությամբ կարող է ընդունել խորհրդատվական կարծիք ներկայացնելու վերաբերյալ խնդրանքը կամ մերժել։
«16-րդ արձանագրության ուժի մեջ մտնելը կնպաստի ՄԻԵԴ-ի ու ազգային բարձրագույն դատարանների միջև երկխոսության ամրապնդմանը։ Սա Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի պատմության մեջ հիմնարար քայլ է ու Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանության հարցում հսկայական զարգացում։ Այն նաև նոր մարտահրավեր է մեր դատարանի համար»,-ասել է ՄԻԵԴ նախագահ Գիդո Ռայմոնդին։
Նշենք, որ 16-րդ արձանագրությունը ուժի մեջ է մտել 10 երկրի համար, որոնց մեջ են Հայաստանը, Ալբանիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Վրաստանը, Լիտվան, Սան Մարինոն, Սլովենիան և Ուկրաինան: Եվս 10 երկիր ստորագրել է արձանագրությունը, սակայն դեռևս չի վավերացրել։
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց