Աշնանը նախատեսվում է ՎԶԵԲ տնօրենների խորհրդի անդամների այցը Հայաստան
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանն այսօր Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տնօրենների խորհրդի անդամ, հոլանդական խմբի ղեկավար Ֆրանս Վիկերսի հետ հանդիպմանը ներկայացրել է քաղաքական վերջին զարգացումներից հետո երկրում իրականացվող տնտեսական բարեփոխումները, անդրադարձել ներդրումային և գործարար միջավայրի բարելավմանն ուղղված քայլերին։
Նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հանդիպմանը կարևորվել են հակամենաշնորհային քաղաքականության, բիզնեսի համար հավասար պայմանների ստեղծման, շուկայի ազատականացմանն ուղղված աշխատանքները, օրենսդրական դաշտի կարգավորումը։
Ֆրանս Վիկերսը տեղեկացրել է, որ աշնանը նախատեսվում է ՎԶԵԲ տնօրենների խորհրդի անդամների այցը Հայաստան, որի ընթացքում կնախանշվեն Հայաստանի Հանրապետության հետ հետագա համագործակցության առաջնահերթություններն ու խնդիրները, իսկ արդեն 2019 թվականի առաջին եռամսյակում ՎԶԵԲ հայաստանյան գրասենյակը կներկայացնի մեր երկրին ցուցաբերվող աջակցության հնգամյա ծրագիրը։
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համատեղ աշխատանքին և համագործակցության զարգացմանն ուղղված պատրաստակամությունը։
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան