Այս տարվա առաջին կիսամյակում հայաստանցիներն առավել շատ երրորդ, քան երկրորդ երեխա են ունեցել
Ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության ամփոփ տեղեկատվության, 2018թ. հուլիսի 1-ի դրությամբ երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստացել է 16 094 ընտանիք, նշանակված նպաստների քանակը կազմել է 16 225:
Վիճակագրության պետական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, նպաստներից 11 828-ը տրվել է առաջին երեխայի ծննդյան դեպքում:
Երկրորդ երեխայի ծննդյան համար տրվել է 696 նպաստ, երրորդ երեխայի համար՝ 3 055, չորրորդ երեխայի համար՝ 480, 5-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար՝ 166 նպաստ: Ստացվում է, որ այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում հայաստանցիներն առավել շատ 3-րդ երեխա են ունեցել, քան երկրորդ:
Առավել շատ չորրորդ, ինչպես նաև 5-րդ ու հաջորդ երեխա ունեցողները երևանցիներն են: Չորրորդ երեխա ունեցած ընտանիքների թվով Երևանին հաջորդում են Կոտայքն ու Արարատը:
Հիշեցնենք, որ առաջին և երկրորդ երեխայի ծննդյան դեպքում միանվագ նպաստի չափը կազմում է 50 հազար դրամ, երրորդ երեխայի դեպքում՝ 1 մլն դրամ, չորրորդ երեխայի դեպքում՝ 1.5 մլն դրամ:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանտ մայիսին առաջարկեց հուլիսի 1-ից երկրորդ երեխայի ծննդյան նպաստի չափը եռապատկել՝ 50.000 դրամի փոխարեն սահմանել 150.000 դրամ: Ժողովրդագրական խնդիրներով զբաղվող մասնագետների կողմից այն քննադատության արժանացավ:
Հետաքրքիր վիճակագրությունը՝ աղյուսակում:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում երեք երեխա ունենալու թե ցանկությունը, թե խոչընդոտները մեծ են
- Գարիկ Հայրապետյան. Մանե Թանդիլյանի առաջարկը ոչ արդյունավետ ծախս կլինի
- Մանե Թանդիլյանն առաջարկում է եռապատկել երկրորդ երեխային տրվող ծննդյան նպաստի չափը