Նարգիլեն մահացու վտանգավոր է
Ամերիկացի գիտնականները պարզել են, որ նարգիլեի վնասն առողջությանը համարժեք է սովորական ծխախոտի վնասին։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, հետազոտությունը հրապարակվել է American Journal of Cardiology ամսագրում, այդ մասին համառոտ տեղեկացնում է Կալիֆորնիայի համալսարանը։
Մասնագետները պարզել են, որ նարգիլե ծխելու մեկ սեանսը ավելացնում է սրտի հարվածների հաճախակիությունը րոպեում 16-ով և բարձրացնում է զարկերակային ճնշումը։ Բացի դրանից, նարգիլեի օգտագործումը մեծացնում է զարկերակային կոշտության ցուցիչը, որը սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման ռիսկի գլխավոր գործոններից է։
Նման եզրակացությունների գիտնականները եկել են գիտափորձի միջոցով, որին մասնակցել է 18-34 տարեկան 48 կամավոր։ Նրանց առաջարկել են ծխել կես ժամ։ Դրանից առաջ և հետո մասնագետները ստուգել են սրտի աշխատանքի ռիթմը, զարկերակային ճնշումը և արյան մեջ նիկոտինի մակարդակը։
Գիտնականները կարծում են, որ ստացված տվյալները համարժեք են այն տվյալների հետ, որոնք դիտարկվում են սովորական ծխախոտ օգտագործելուց հետո, իսկ տարածված կարծիքը՝ նարգիլեի ավելի քիչ վնասի մասին, իրականությանը չի համապատասխանում։
Մասնագետները հայտարարում են, որ նարգիլեի մեջ օգտագործվող թութունում կան արհեստական քիմիական նյութեր, որոնք կարող են ավելի մեծ վնաս հասցնել մարդու առողջությանը և այդ պատճառով էլ օրենքով արգելված են սովորական ծխախոտի արտադրության մեջ։