Մեյը քննադատել է Ջոնսոնին
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը քննադատել է արտաքին գործերի նախկին նախարար Բորիս Ջոնսոնին մահմեդական փակ հագուստ կրող կանանց հասցեին նրա արտահայտությունների համար։ Եվրանյուզի հաղորդմամբ, Մեյը նշել է, որ չափազանց կարևոր է, որպեսզի յուրաքանչյուրը զգույշ լինի օգտագործվող տերմիններում և կոչ է արել Ջոնսոնին ներողություն խնդրել։
«Պարզ է, որ այն լեզուն, որ օգտագործել է Բորիս Ջոնսոնը մարդկանց արտաքինը նկարագրելիս, վիրավորական է։ Ես երբեք չէի օգտագործի նման արտահայտություններ, քանի որ, կարծում եմ, դրանք սխալ են»,- ասել է նա։
Երկուշաբթի Ջոնսոնը մեկնաբանելով Դանիայում փարանջա կրելու արգելքը, հայտարարել էր, որ հույս ունի, որ մահմեդական կանայք, որոնք կգան իր պատգամավորական ընդունարան հանդիպման, կբացեն դեմքերը։ Քաղաքական գործչի խոսքով, դեմքը փակելն իր համար տարօրինակ և վախեցնող է, իսկ փարանջայով կանայք նման են «բանկ կողոպտողների» և «փոստարկղերի տեսք ունեն»։
Մեյից բացի, Ջոնսոնին քննադատել են նաև նրա նախկին գործընկերներն ԱԳՆ-ից։ Այն ժամանակ, երբ եվրոպական շատ երկրներ արգելում են դեմքը ծածկող հագուստը, Մեծ Բրիտանիայի հիմնական քաղաքական ուժերից ոչ մեկը չի սատարում նման սահմանափակումը։