Հորքուր, մորքուր, խնամի, ծանոթ, բարեկամ. Փաշինյանը՝ պետական կառավարման համակարգի մասին
Հայաստանի պետական կառավարման համակարգն ուռճացված է։ Այս մասին գործադիրի այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Կարծում եմ՝ սա ակնհայտ է բոլորի համար, ու այս ուռճացվածության պատճառով շատ դեպքերում անարդյունավետ է աշխատանքը, և մենք կարծում ենք, որ այս ընթացքում նաև դրանում համոզվելու առիթներ ունեցել ենք», - նշեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ բյուջետային հայտերի քննարկման ժամանակ այնպիսի ծախսերի հայտերի են հանդիպում, որ չեն կարողանում հավասարակշռված արձագանքել դրան։
«Կառավարության անդամներին կոչ եմ անում, որ պատրաստ լինեն՝ մենք գնալու ենք շատ լուրջ լուծումների ու շատ լուրջ բարեփոխումների: Ի վերջո, ՀՀ քաղաքացիները պետք է իմանան՝ ինչի վրա է ծախսվում ամեն լուման, ամեն դրամը: Սա միանշանակ է, այդպես պետք է լինի: Կառավարման համակարգը ինչպե՞ս է աշխատել մինչև հիմա՝ հորքուր, մորքուր, խնամի, ծանոթ, բարեկամ, ընտրությունների վստահված անձ, բոլորին բերել լցրել են, տեղավորել են պետական կառավարման համակարգ: Հիմա նման խնդիր չկա դրված»,- ասաց վարչապետը: