Գերմանիայում 250 չվերթ են չեղարկել՝ օդաչուների գործադուլի պատճառով
Ryanair իռլանդական ավիաընկերության օդաչուների գործադուլի պատճառով, որը սկսվել Է օգոստոսի 10-ի գիշերը, Գերմանիայում չեղարկվել է 250 չվերթ. ակցիայի հետևանքով անհարմարություններ են ստեղծվել գրեթե 42 հազար ավիաուղևորների համար։
«Ryanair-ը տոմսերը վաճառում Է 39 եվրոյով և միաժամանակ ստանում 1,4 մլրդ եվրոյի շահույթ: Պարզ է, որ վնասներ են կրում աշխատողները»,- «Ռիա նովոստի»-ի փոխանցմամբ՝ այսօր Bayerischer Rundfunk ռադիոկայանի եթերով հայտարարել է Vereinigung Cockpit օդաչուների գերմանական արհմիության ներկայացուցիչը։
Նա հավելել է, որ չի բացառում առաջիկայում բողոքի այլ ակցիաները և նշել՝ օդաչուները ցանկանում են «աշխատանքի արդարացի վճարում», չեն ցանկանում «ստանձնել Ryanair-ի ձեռնարկատիրական ռիսկերը։
Այս ակցիան պետք է ավարտվի օգոստոսի 11-ին ։ Օդաչուները պահանջում են դրույքի բարձրացում, այժմ նրանց աշխատավարձը հաշվարկվում է թռիչքային ժամերի հիման վրա։