Երևանցիներին պետք է արդյունավետ և բանական առաջարկներ ներկայացվեն. քաղաքագետ
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին ընդառաջ՝ մի շարք կուսակցություններ արդեն իսկ հայտարարել են քաղաքապետի իրենց թեկնածուների անունները։ Սրան հակառակ՝ որոշ քաղաքական ուժեր դեռևս չեն շտապում հստակեցնել՝ առհասարակ մասնակցելո՞ւ են արտահերթ ընտրություններին, թե ոչ։
Այս հանագամանքը, թերևս, սպասողական մթնոլորտ է ստեղծում և մղում ենթադրությունների՝ հատկապես ո՞ր ուժերի միջև է ծավալվելու հիմնական ընտրապայքարը։
Թեմայի շուրջ Panorama.am-ի թղթակիցը զրուցեց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովի հետ։
Վերջինիս խոսքով, հիմնական ընտրապայքարը ծավալվելու է այն կուսակցությունների միջև, որոնք առավել մեծ ճանաչում ունեն երևանցիների շրջանում։
«Բնական է, որ այդ ուժերն ավելի մեծ հնարավորություն ունեն մտնելու ռեալ մրցակցային պայքարի մեջ։ Զուգահեռ՝ լինելու են վերջին շրջանում ձևավորված, պակաս հայտնի այլ քաղաքական ուժեր ևս, որոնց ճանաչելու համար ավելի շատ ժամանակ է պետք։ Այդ ուժերը գուցե նախընտրական շրջանում հայտնի դառնան, սակայն ընտրական մեծ հաջողություններ դժվար թե ունենան»,- կարծիք հայտնեց մեր զրուցակիցը։
Ճշգրտմանը՝ կարելի՞ է ենթադրել, որ Երևանի ավագանու ընտրությունները բավական թեժ են լինելու՝ դատելով այն բանից, որ մասնակցության մասին հայտարարծ գրեթե բոլոր կուսակցություններն էլ հանրությանը քաջածանոթ են, Ալեքսանդր Մարկարովը պատասխանեց.
«Թեժ պայքար դեռ չի նշանակում, որ արդյունքները համապատասխանելու են։
Կարևոր է լինելու վերջին շրջանում օգտագործված քաղաքական հռետորաբանությունը։ Խնդիրն ավելի շատ կայանում է նրանում, թե ինչ կարող են առաջարկել քաղաքական ուժերը։ Կարևորը ոչ այդքան քաղաքական թիմն է, որքան հանրությանը արդյունավետ և բանական առաջարկներ ներկայացնելը։
Կարևորն այն է, որ ոչ թե ֆանտաստիկ առաջարկներ ներկայացվեն, այլ նախանշվեն այն ուղենիշները, որոնք թույլ կտան հասնել ռեալ ծրագրերի իրագործման»,- ամփոփեց Մարկարովը։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան