Ես կբողոքարկեմ իմ արտոնագիրը կասեցնելու մասին որոշումը. Նիկոլայ Բաղդասարյան
Հայաստանի փաստաբանների պալատի խորհուրդը օգոստոսի 11-ին քննարկել է հասարակական հիմունքներով Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի և Մասիսի քաղաքապետի տեղակալ, փաստաբան Նորայր Հակոբյանի արտոնագրերի գործողությունը կասեցնելու հարցերը:
ՓՊ կայքից տեղեկանում ենք, որ ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդն արձանագրել է, որ հանրային պաշտոններ զբաղեցնելն անհամատեղելի է համարվում փաստաբանական գործունեության հետ և հիմք է հանդիսանում փաստաբանական գործունեության արտոնագրի կասեցման համար: Նկատի ունենալով, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձը համարվում է հանրային ծառայության անցած անձ, իսկ հասարակական հիմունքներով Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդականի և Մասիսի քաղաքապետի տեղակալի պաշտոնները համարվում են հանրային պաշտոններ, ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը գտել է, որ փաստաբաններ Նիկոլայ Բաղդասարյանի և Նորայր Հակոբյանի փաստաբանական գործունեության արտոնագրերի գործողությունը ենթակա է կասեցման:
Նիկոլայ Բաղդասարյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Ես կբողոքարկեմ իմ արտոնագիրը կասեցնելու մասին որոշումը դատարան (հայցն արդեն պատրաստել եմ) և համոզված եմ, որ գործը հաղթելու եմ և բացարձակապես չեմ մտահոգվում Արա Զոհրաբյանի կողմից իմ անձի նկատմամբ ցուցաբերված նման վերաբերմունքից»։
Փաստաբանների պալատի խորհուրդը նույն օրը քննելով քաղաքացի Վիլեն Մամիկոնի Գայֆեջյանի բողոքի և զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների հիման վրա հարուցված թիվ ԿԳ-18107 կարգապահական գործը՝ որոշել է կարգապահական պատասխանատվության ենթարկել ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Տիգրան Աթանեսյանին:
Տիգրան Աթանեսյանը մեղավոր է ճանաչվել «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ կետի և Փաստաբանի վարքագծի կանոնակարգի 2.2.3 ենթակետի խախտումների համար, իսկ որպես կարգապահական տույժ ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը որոշել է դադարեցնել փաստաբան Տիգրան Աթանեսյանի թիվ 78 արտոնագրի գործողությունը:
ՓՊ-ից հիշեցնում են, որ փաստաբան Տիգրան Աթանեսյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել էր հրապարակային հարթակներում փաստաբան Տիգրան Աթանեսյանի կողմից վիրավորական գրառումներ (արտահայտություններ) և հայհոյանքներ կատարելու, ինչպես նաև կատարված հայհոյանքները և վիրավորական գրառումները կամ արտահայտություններն արդարացնելու և հրապարակային հարթակում նույն վարքագիծը շարունակելու վարքագիծը ստուգելու նպատակով: