Շուրջ 80 հազար քաղաքացու թոշակը բարձրացնելու համաձայնություն կա. Մանե Թանդիլյան
«Մեր երկրում չի լինելու որևէ քաղաքացի, որը ծայրահեղ աղքատ է համարվելու և ստանալու է պարենային զամբյուղից նվազ կենսաթոշակ»,- այս մասին այսօր աշխատանքային 100 օրն ամփոփելիս հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը:
Նրա խոսքով՝ այսօր Հայաստանում շուրջ կես միլիոն թոշակառու կա և ակնհայտ է, որ պետության ուշադրության կենտրոնում պետք է լինեն այդ քաղաքացիները: «Այսօր ունենք թոշակառուներ, որոնք ստանում են շատ ցածր թոշակ, որոշ դեպքերում ծերության նպաստ, եթե աշխատանքային ստաժը չի բավականացնում և իբրև թե նաև այս խնդիրներին է միտված կուտակային կենսաթոշակային համակարգի լուծումը: Ակնհայտ է, որ որևէ կարգավորում չի արդարացնում այն իրավիճակը, որ մեր երկրում կան ծայրահեղ աղքատ թոշակառուներ: Սրանք քաղաքացիներ են, որոնք հասել են թոշակի տարիքի, սակայն այս կամ այն պատճառով պարենային զամբյուղի շեմից ցածր նպաստ են ստանում», - նշեց Մանե Թանդիլյանը:
Նախարարը հայտնեց, որ այդ մասով արդեն նախարարությունն ունի համաձայնություն, որը առնվազն 80 հազար քաղաքացու է վերաբերում: Այժմ, ըստ նրա, հարցը դիտարկում են այնպես, որ էլ ավելի լայն շերտեր ներգրավեն՝ աղքատության շեմը հաղթահարելու համար: «Պետք է հասկանանք, որ երկիրը նվազագույն կենսազամբյուղն ապահովելու պարտավորություն ունի: Այս առումով կորոշենք ու կսահմանենք նվազագույն կենսաթոշակ, որը կլինի առնվազն պարենային զամբյուղի շեմից բարձր»,- նշեց Մանե Թանդիլյանը՝ հավելելով, որ 2016 թվականի դրությամբ նվազագույն պարենային զամբյուղը կազմել է մոտ 23 հազար դրամ, հիմա հաշվարկում են գնաճը իմաստով, և կարելի է ենթադրել, որ դա կլինի 25 հազար դրամի կարգի:
Արդյոք հնարավոր կլինի բարձրացնել 500 հազարի թոշակը, Մանե Թանդիլյանն ասաց, որ նախ պետք է թիրախավորվեն գոյության պայմաններ չունեցող քաղաքացիները. «Ես հակված եմ նրան, որ մեր երկրում ծայրահեղ աղքատ քաղաքացի չպետք է լինի»:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը