Հանդիպել են Արա Բաբլոյանը և Արման Թաթոյանը
Այսօր կայացել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հանդիպումը: Հանդիպման նախաձեռնության առաջարկով ավելի վաղ հանդես էր եկել Ազգային ժողովի նախագահը՝ երկրի ներքաղաքական դրության մասին հայտարարությունով:
ԱԺ հանրային կապերի վարչությունից հայտնում են, որ օրենսդիր մարմնի ղեկավարը Մարդու իրավունքների պաշտպանին տեղեկացրել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Արմեն Սարգսյանի հետ ունեցած հանդիպումների ընթացքում կողմերը կարևորել են Սահմանադրության գերակայության հրամայականը, արձանագրել են, որ խնդիրների լուծմանն ուղղված բոլոր քայլերը պետք է լինեն ժողովրդավարական չափանիշներին համապատասխան, քաղաքական երկխոսության, բանակցությունների և քննարկումների մթնոլորտում:
Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպման ընթացքում ներկայացրել է իր հետևյալ դիրքորոշումները ԱԺ նախագահի բարձրացրած հարցերի առնչությամբ.
• երկրում ընթացող ցանկացած գործընթաց պետք է հիմնված լինի իրավունքի գերակայության վրա: Ցանկացած նախաձեռնության հիմքում պետք է լինի մարդու իրավունքը,
• երկրի ժողովրդավարական զարգացման հիմնարար ցուցիչներից է խոսքի ազատությունը. այս բարձր արժեքի պաշտպանությունը բոլորիս պարտականությունն է: Սրա հետ էլ ուղղակիորեն կապվում է այլակարծության խթանումը. այն մեր երկրին հիմա հատկապես անհրաժեշտ է,
• անցումային արդարադատության մարմինների հնարավոր ձևավորման հետ կապված՝ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից նախաձեռնված է միջազգային փորձի ու չափանիշների ամբողջական ուսումնասիրություն: Այն կամփոփվի՝ հաշվի առնելով Կառավարության կոնկրետ առաջարկները: Մեկ բան հստակ է. ցանկացած նոր մարմնի գործունեություն պետք է համապատասխանի Հայաստանի միջազգային պարտավորություններին և հիմնված լինի Սահմանադրության ու օրենքների վրա՝ առանցքում ունենալով մարդու իրավունքների երաշխավորման բարձր հանձնառություն և գործող մարմինների աշխատանքի արդյունավետությանը նպաստելու առաքելություն,
• դատարանների հետ կապված՝ պետք է նկատի ունենալ, որ պետական իշխանությունն իրականացվում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա։ Սա էլ իր հերթին ենթադրում է դատական իշխանության անկախություն ինչպես օրենսդիրից ու գործադիրից, այնպես էլ դրանցից դուրս որևէ այլ մարմնից կամ անձից։ Դատական համակարգում առկա խնդիրների լուծմանը պետք է հասնել հետևողական, այդ թվում՝ կոշտ, բայց բացառապես իրավական եղանակներով,
• պետք է ապահովել իրավունքների պաշտպանության համակարգի անընդհատ զարգացում՝ բացառելով հետնահանջ արձանագրված ձեռքբերումներից: Մարդու իրավունքների պաշտպանն, առաջնորդվելով ապաքաղաքական ու անկողմնակալ աշխատանքի հիմնարար սկզբունքներով, կշարունակի գործադրել այդ ուղղությամբ առավելագույն ջանքեր, այդ թվում՝ աջակցելով Կառավարության՝ դրան ուղղված նախաձեռնություններին,
• ցանկացած հարց պետք է քննարկվի և լուծվի համերաշխության ու երկխոսության պայմաններում:
Հարակից հրապարակումներ`
- Հանդիպել են Արմեն Սարգսյանը և Արա Բաբլոյանը
- Հանրապետության նախագահի գնահատականը՝ ներկայիս քաղաքական իրավիճակին
- Հանդիպել են Արա Բաբլոյանը և Նիկոլ Փաշինյանը
- Խորապես մտահոգված եմ երկրում ստեղծված իրավիճակով. Արա Բաբլոյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան