Մենք մրցակիցներ չենք դիտարկում. ՔՊ մամուլի խոսնակ
«Մեր ցուցակի առաջին եռայակում Հայկ Մարությանը, Սրբուհի Ղազարյանը և հայտնի մանկաբույժ Սերգեյ Սարգսյանն են։ Մեր ցուցակի տասնյակում նաև տեղ են գտել ՔՊ անդամներ Տրդատ Սարգսյանը, Մեսրոպ Պապիկյանը, Վահագն Հովակիմյանը, Լուսինե Բադալյանը, Իզաբելա Աբգարյանը և Հրաչ Սարգսյանը, ցուցակը ընդհանուր առմամբ բաղկացած է 170 հոգուց»,-ԿԸՀ-ում լրագրողների հետ զրույցում այսօր ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը։
«ՔՊ-ն «Ելք» դաշինքի հետ համագործակցում է միայն ԱԺ ձևաչափում, իսկ «Իմ քայլը» դաշինքը թույլ է տալիս ավելի լայն թիմ ապահովել»,- ասաց նա։
Վահան Կոստանյանը նշեց, որ ծրագրային դրույթնների մասին խոսելը դեռ վաղ է, իրենք աշխատանքային գործընթացում են։
«Մենք հանդես ենք գալիս որպես հեղափոխություն իրականացրած թիմ և հույս ունենք, որ մեր հաղորդակցությունը քաղաքացիների հետ կշարունակվի։ Մենք մրցակիցներ չենք դիտարկում և շարունակում ենք մեր հաղորդակցությունը երևանցիների հետ։ Երևանցին կհասկանա, որ մեր թիմը պետք է ստանձնի Երևանի կառավարումը։ Մենք ձգտում ենք հնարավորինս շատ ձայներ հավաքել և երկխոսում ենք Երևանի բնակիչների հետ»,- ասաց նա։