Աղբը, գերեզմանատներն ու զուգարանները՝ Փոստանջյանի ուշադրության կենտրոնում
Միլիոնավոր տոնաներով աղբ է կուտակվել Երևանի երկու վարչական շրջաններում՝ Վարդաշենում ու Աջափնյակում մոտ 60 հա տարածք զբաղեցնող աղբանոցներում։ «Երկիր Ծիրանի» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Զարուհի Փոստանջյանը, որն այսօր քարոզարշավը սկսեց Էրեբունի համայնքից, նշեց, որ աղբն իրենից արժեք է ներկայացնում։
«Վերամշակման տեսանկյունից այն շահութաբեր է, սա մեր ուշադրության կենտրոնում գտնվող հարց է»,-ասաց նա։
Երևանին առնչվող հաջորդ խնդիրը քաղաքապետի թեկնածուն համարում է գերեզմանատները, մայրաքաղաքում կա 21 գերեզմանատուն, որոնք պահանջում են հատուկ խնամք ու կարգավորումներ, որոնք չեն իրականացվել։
«Այնտեղ ընդհանրապես բացակայում է ոռոգման համակարգը, ընդհանրապես ոռոգման հարցն առկա է նաև այգիներում»,-նկատեց նա։
Հաջորդ հարցը հանրային զուգարանների տեղադրում է Երևանի տարբեր հատվածներում, պետք է կանոնակարգվեն կայանատեղիների, առևտրի, օդի աղտոտվածության խնդիրները։
«Շուրջ մեկ տարի լինելով ավագանու կազմում՝ համակարգը լավագույնս ուսումնասիրել եմ, գումարների շարժը, իրավապայմանագրային դաշտը։ Պայմանագրեր կնքվել են, սակայն որակյալ ծառայություններ չեն մատուցվել քաղաքացիներին, դրանք պետք է վերակնքվեն, ծառայությունները որակյալ դարձվեն։ Երևանը պետք է լինի հարմար ապրելու համար»,-լրագրողների հետ զրույցում ասաց Փոստանջյանը՝ նշելով, որ Երևանը նախագծած Թամանյանի համար էլ քաղաքը վերափոխելը հեշտ չէր։
Անդրադառնալով ընտվելու հնարավորությանը, թեկնածուն նշեց, որ քաղաքացիները կարող են այս ընտրությունների միջոցով ունենալ իրենց ծառայող իշխանություն։
«Եթե ցանկանան, որ ես ծառայեմ, ապա այդ ծառայությունը ես անցնելու եմ»,-հայտարարեց «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահը։
Հարակից հրապարակումներ`
- Փոստանջյանն ընտրություններին մասնակցում է «Արդարություն և օրենք» կարգախոսով
- Ես առաջադրվելու եմ Երևանի քաղաքապետի թեկնածու. Զարուհի Փոստանջյան
- Մենք ցանկանում ենք, որ Փոստանջյանը ընտրվի Երևանի քաղաքապետ. ազատամարտիկ