Մենք մասնակցում ենք հեղափոխության երկրորդ էտապի՞ն, թե՞ Երևանի ավագանու ընտրություններին. Զոհրաբյան
«Սա խոսում է երկրի իմունիտետի, երկրի անվտանգության լրջագույն կրիզիսի մասին»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԲՀԿ-ից Երևանի քաղաքապետ թեկնածու Նաիրա Զոհրաբյանը՝ խոսելով երեկ հրապարակված ձայնագրություններից։
Ինչ վերաբերում է քարոզարշավին ու հնչող հայտարարություններին՝ նշեց. «Երբ հայտարարվում է, թե մենք սպիտակ ենք, մնացածը՝ սև, ես կարծում եմ, որ այդ հայտարարությունները պետք է լինեն հասցեական, որպեսզի մենք հասկանանք, թե ով է սևը։ Ինձ համար իմ երկրում չկան սևեր ու սպիտակներ, և տպավորություն է, թե մենք ոչ թե Երևանի ավագանու ընտրություններին ենք մասնակցում, այլ ականատես ենք լինում հեղափոխական հերթական մոբիլիզացիայի»։
Զոհրաբյանի խոսքով՝ ինքը երևանցուն ներկայացնում է խնդիրների լուծման ծրագրեր, իսկ դրան զուգահեռ մեկ այլ հարթակում հեղափոխական կոչեր են հնչում։
«Եթե հեղափոխական երկրորդ մոբիլիզացիա՞ն ենք ստեղծում, եթե այդպես է, եթե մենք Երևանի ավագանու ընտրությունները պետք է վերածնեք հեղափոխական երկրորդ գործընթացի, ապա ես ձեզ ամենայն պատասխանատվությամբ վստահեցնում եմ՝ ինձանից ավելի մեծ հեղափոխական թե դուխով, թե խելքով, շատ քչերին կարելի է գտնել։ Եթե մրցակցությունը լինելու է այդ հարթության վրա, ապա որևէ պրոբլեմ չկա, բայց ես հարգում եմ երևանցուն, որովհետև նա ուզում է տեսնել իր խնդիրները լուծված։ Ես հստակ ներդրումային ծրագրով գնալու եմ երևանցիների հետ բակային հանդիպումների և առաջարկելու եմ՝ հիմա դուք ուզում եք խոսեմ այս ներդրումներից, որոնք լուծելու են ձեր խնդիրները, թե՞ անենք հեղափոխական կոչեր։ Եթե երևանցին կասի, որ իրենց պետք են հեղափոխական կոչեր, մենք բոլորս հագնենք կամուֆլյաժները և այնպիսի հեղափոխական կոչեր անենք, որ բոլոր հեղափոխականները զարմանան»։
Քաղաքապետի թեկնածուն շեշտեց, որ այսպիսի քարոզչություն չի կարող լինել։
«Մենք մասնակցում ենք Երևանի ավագանու ընտրություններին։ Բայց եթե մասնակցում ենք հեղափոխության երկրորդ էտապին, պետք է «Երևանի ավագանու ընտրություններ» վերնագիրը դնել մի կողմ, ասել՝ մրցում ենք, թե ով է ավելի հեղափոխական, հագնենք կամուֆլյաժներ և գնանք հեղափոխության՝ հասկանալի չէ, թե ինչ փուլ և ում դեմ, քանի որ չգիտեմ՝ ովքեր են այդ սևերը»,- նշեց պատգամավորը։
Ինչ վերաբերում է քարոզչության ժամանակ Նիկոլ Փաշինյանի կողմից անուններ հնչեցնելուն, նա ասաց. «Ռոբերտ Քոչարյանը Երևանի ավագանու ընտրություններին չի մասնակցում, թեկնածու չէ։ եթե նրա հետ իրավական գործընթացներ կան անելու՝ պետք է արվի կոնկրետ իրավապահ համակարգի կողմից, ոչ թե Դավիթաշենում ընտրողների հետ հանդիպման ժամանակ»։
Հարակից հրապարակումներ`
- Մեր երկրում իրավական անվտանգությունը կոտրված է. Կոստանյան
- Երբեմն ասում են եթե օլիգարխ է, ուրեմն հանրապետական է. Գալուստ Սահակյան
- Շարմազանով. Որևէ մեկը չանդրադարձավ բովանդակությանը
- Չեմ ցանկանա նմանատիպ հնչեղություն ունեցող հարցի շուրջ ենթադրություններ անել. Վ. Բաղդասարյան
- Ես թիկնապահ չունեմ. Սամվել Ալեքսանյան
- Բաբլոյան. Մեզ համար աննախադեպ իրավիճակ է ստեղծվել
- Հայաստանում գողերի ժամանակն անցել է. Նիկոլ Փաշինյան