«Ի գիտություն պարոն Ալեն Սիմոնյանի». Արփինե Հովհաննիսյանի արձագանքը
«Իմ ունեցած տեղեկություններով, երեկ, Արփինե Հովհաննիսյանը, չսպասելով, որ հաստատվի, թե իրականությանը համապատասխանո՞ղ ձայնագրություն է, նա արդեն ԵԽԽՎ-ում հայտարարել է, որ նման բան կա, այդ ձայնագրությունն իրականությանը համապատասխանում է և այլն»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը:
Նա նշեց նաև. «Ակամայից հիշեցի այն օրինակը, երբ Զարուհի Փոստանջյանը իշխանության քննադատությամբ հանդես եկավ, ինչ հոխորտանքներ էին հնչում ՀՀԿ-ի կողմից Զարուհի Փոստանջյանի նկատմամբ»։
Պատգամավորի խոսքով՝ այսպիսով փորձում են ազդել իրենց վրա. «Փորձում են մեր ներվերին ազդել, մենք ընդդիմություն ենք եղել, մեզ գաղտնալսել են, մեզ բանտ են նետել, հիմա մենք որևիցե բանից ոչ վախենում ենք, ոչ էլ անհանգստանում, ՀՀ ժողովուրդը մանդատ է տվել մեզ, որպեզի իրականացվի արդարադատություն»։
Այնուհետև Ալեն Սիմոնյանին իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը՝ կատարելով հետևյալ գրառումը.
«Ի գիտություն պարոն Ալեն Սիմոնյանի՝ ԵԽԽՎ-ում ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսային խոսակցության ձայնագրությունը և դրա բովանդակությունը քննարկվել է այն ժամանակ, երբ արդեն իսկ հաստատվել էր ձայնագրության իսկությունը։
Փարիզի ժամանակով հանձնաժողովի նիստը տեղի է ունեցել ժամը 10-ից 18-ը. (Երևանի ժամանակով 12։00-20.00)։ ԵԽԽՎ և նրա մարմինների գործունեության անգամ մակերեսային իմացությունը ՀՀ ԱԺ պատգամավորին պետք է հուշեր, որ Հայաստանը գտնվում է մոնիթորինգի ենթակա երկրների շարքում, ուստի հենց մոնիթորինգի հանձնաժողովի պարտականությունն է ուսումնասիրել Հայաստանում կատարվող իրադարձությունները։ Հանձնաժողովը իր պարտականությունների շրջանակում մշտական ռեժիմով ուսումնասիրում և ստանում է մոնիթորինգի ենթակա երկրների, այս դեպքում՝ Հայաստանի վերաբերյալ տեղեկատվություն և իր զեկույցների մեջ արտահայտում է զեկուցողների և ԵԽԽՎ տեսակետը։ Ընդհանուր պրակտիկան այն է, որ բոլոր ժամանակներում նշված զեկույցները պատրաստելիս միշտ էլ լսելի էին եղել երկրում տիրող իրադարձությունների վերաբերյալ թե՛ քաղաքական իշխանության, և թե՛ ընդդիմության ներկայացուցիչների տեսակետը։ Ինչ վերաբերում է հարցի՝ արտահերթ քննարկմանը առաջիկա հանձնաժողովի նիստում, ապա դա կատարվում է այն պատճառով, որ Հայաստանում կատարվող իրադարձությունները լուրջ մտահոգություն են առաջացնում ԵԽԽՎ-ում և նրա կառույցներում:
Հ.Գ.Զարուհի Փոստանջյանի դեպքը աննախադեպ է այն տեսանկյունից, որ ԵԽԽՎ պատմության մեջ գրեթե չկա դեպք, երբ երկրի ղեկավարը գտնվում է նիստերի դահլիճում և տվյալ երկրի պատվիրակության անդամը հարց է ուղղում նրան»։
Հարակից հրապարակումներ`
- Երկար բանավեճից հետո՝ ԱԺ-ում ստեղծվեց Քննիչ հանձնաժողով
- ԱԺ-ում Քննիչ հանձնաժողով ստեղծելու որոշումն իրարանցում է առաջացրել
- Կոստանյանը պարզաբանում է. «Կանոնակարգի խախտում չկա»
- Յուրաքանչյուրի հեռախոսային խոսակցությունների ու հաղորդումների գաղտնիության սկզբունքը վտանգված է. Կոստանյան
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան